«Սու-24»-ի երկրորդ օդաչուն փրկվել է սիրիացի զինվորականների կողմից. ԶԼՄ-ներ
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Թուրքիայի ԶՈւ կողմից խոցված ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի երկրորդ օդաչուին հայտնաբերել ու տարհանել են սիրիացի զինվորականները:
Հեռուստաալիքը հղում է կատարում Սիրիայում իր թղթակիցներին, որոնք հայտնել են, որ Սիրիայի բանակի մարտիկները 6 ժամ որոնել են ռուս օդաչուին ու նրան ողջ են հայտնաբերել: Օդաչուն տեղափոխվել է «Խմեյմիմ» ավիաբազա: Այս տեղեկությունը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի Լաթաքիա նահանգում կործանվել է ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ստանձնել է Թուրքիան՝ Ռուսաստանին մեղադրելով իր օդային տիրույթը խախտելու մեջ: Մոսկվան պնդում է, որ իր ինքնաթիռը թռիչք է իրականացրել Սիրիայի տարածքում: