
ԱԺ-ին ինչ-որ վտա՞նգ է սպառնում. ինչու են ԱԺ-ի անվտանգության աշխատակիցներն ինքնաձիգով զինված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացրել են ինքնաձիգով զինված: Սովորաբար անցագրայինում անվտանգության ծառայության աշխատակիցները կրում են միայն ատրճանակներ: «Ժողովուրդը» արձանագրել է, որ ԱԺ մուտք գործող ավտոմեքենաները եւս երեկ սովորականից ավելի մանրամասն են ստուգվել: Ի՞նչ է տեղի ունեցել, արդյոք ԱԺ-ին ինչ-որ վտա՞նգ է սպառնում, այս հարցերի պատասխանը «Ժողովուրդը» նախ փորձեց ստանալ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից, որը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե իրավասու չէ անվտանգության վերաբերյալ հարցերին պատասխանել: ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը վերը բերված հարցին պատասխանել է. «Ընդամենը մեր գործառույթներն ենք իրականացնում: Մի օր կարող է ինքնաձիգը տեսնեք, մի օր չտեսնեք, բայց դա ոչինչ չի նշանակում: Իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիրներ չունենք»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: