Տղամարդը Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումում երեք անչափահասների ցուցադրել է… աղջիկները խուճապահար հեռացել են
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել անառակաբարո գործողություններ կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
Նախաքննական մարմնի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցման մոտ նկատելով անչափահաս աղջիկների, հետապնդել է նրանց, ապա մտնելով գետնանցում` ակնհայտ տասնվեց տարին չլրացած նշված դպրոցականների սեռական բնազդը գրգռելով, նրանց մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելով՝ «Վախ», իսկ այնուհետև՝ «աղջիկներ, կարող ա ուզեք …» արտահայտություններով զուգորդված՝ ցուցադրել է սեռական օրգանները և նրանց ներկայությամբ զբաղվել ձեռնաշարժությամբ, ինչը նկատելով՝ աղջիկները խուճապահար հեռացել են տարածքից:
Ըստ դատավճռի՝ մինչև դատաքննությունը սկսվելն ամբաստանյալը միջնորդել է կիրառել արագացված դատական քննության կարգ և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր` իր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները։
Դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալի միջնորդությունը բավարարվել է, և դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով՝ նկատի ունենալով, որ մեղադրողը մեղադրական եզրակացությունը հաստատելիս չի առարկել արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ, իսկ տուժող կողմը չի առարկել ամբաստանյալի միջնորդությանը։
Դատարանը գտել է, որ ամբաստանյալը կատարել է հանցանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով և նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առել, որ նա համաձայնել է մեղադրանքի հետ և զղջացել կատարած հանցանքի համար։ Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատական քննությամբ դատարանը չի արձանագրել։