Բաժիններ՝

«Սու-24»-ի կործանման հետևանքների մասին խոսելը դեռ վաղ է. Պեսկով

Կրեմլին «հաստատ հայտնի է», որ այսօր թուրք-սիրիական սահմանի մոտ խոցված ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նաև ասել է, որ դեռ վաղ է խոսել ինքնաթիռի խոցման հետևանքների մասին:
«Մենք դեռ ՌԴ պաշտպանության նախարարությունից մեր ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը չենք լսել: Մենք հաստատ գիտենք, որ ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում՝ Սիրիայի օդային տիրույթում»,- ասել է Պեսկովը:
Նա չի հաստատել տեղեկությունը, թե Վլադիմիր Պուտինը պլանավորում է Անվտանգության խորհրդի արտահերթ խորհրդակցություն հրավիրել՝ հավելելով, թե վաղ է քննարկել ռուս-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը:

«Սխալ կլիներ հիմա ինչ-որ գնահատականներ տալը, ենթադրություններ ու եզրակացություններ անելը մինչ այն պահը, երբ մենք լիարժեք կունենանք տեղի ունեցածի պատկերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Մոսկվայի ու Անկարայի հետագա հարաբերություններին առնչվող հարցին:

«Սա իսկապես շատ լուրջ դեպք է, սակայն, չունենալով ամբողջական տեղեկություն, ինչ-որ բան ասելը պարզապես անհնար է ու ոչ ճիշտ»,- հավելել է նա:
«Սու-24»-ը կործանվել է Սիրիայի Լաթաքիա նահանգում:

Ինքնաթիռն այդ ժամանակ գտնվել է Սիրիայի օդային տարածքում 6 հազար մետր բարձրության վրա: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի կողմից:

Պատճառը, ըստ թուրքական կողմի, Թուրքիայի օդային տիրույթը հատելու փորձն է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս