Գիտական նոր ծրագրերի հնարավորություն՝ ՄԳՏԿ-ի աջակցությամբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի / ՄԳՏԿ/ գործադիր տնօրեն Դևիդ Կլիվի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ Հայաստանը գիտության և նորարարությունների զարգացման ոլորտում կարևորում է բոլոր հնարավորությունները: ՄԳՏԿ տնօրենն իր հերթին նշել է, որ իրենք հետարքրված են Հայաստանի հետ գիտատեխնիկական ոլորտի համագործակցության զարգացմամբ:
Դ. Կլիվը նշել է, ՄԳՏԿ կազմից Ռուսաստանի դուրս գալուց հետո առաջացել էին որոշակի խնդիրներ, որոնք այժմ գտել են իրենց լուծումները. մասնավորապես իրականացվել են կանոնադրական որոշակի փոփոխություններ, մշակվել են զարգացման նոր ռազմավարություն և առաջիկայում ակնկալվում է ՄԳՏԿ ծրագրերի ֆինանսավորման նոր փուլի սկիզբ: Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ՄԳՏԿ զարգացման ռազմավարության և ընդլայնման հարցերը:
Այս համատեքստում անդրադարձ է եղել ՄԳՏԿ միջոցներով գիտական ծրագրերի իրականացմանը: Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ 90-ական թվականների սկզբից, մինչև 90-ականների վերջը, երբ Հայաստանը անադամակցել է ՄԳՏԿ-ին, գիտության ոլորտի առջև ծանրացած էր առավելապես համակարգը պահպանելու խնդիրը, այսօր սակայն ջանքերն ուղղվում են նաև զարգացման ուղղությամբ: Ընդգծելով, որ Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից մեկը գիտության ոլորտի միջազգայնացումն է, ԿԳ նախարարը նշել է, որ 2016 թվականից Հայաստանը միանում է Եվրոպական միության Հորիզոն 2020 ծրագրին, որը ԵՄ գիտական ֆոնդերից օգտվելու լրացուցիչ հնարավորություն է.
«Մեզ համար առաջնային խնդիր է գիտական մրցունակ ծրագրերի իրագործումը, ինչպես նաև երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ցանկացած միաջզգային համագործակցության ձևաչափ, եթե այն վերջնարդյունքում կարող է նպաստել նաև գիտական նախագծի առևտրայնացմանը, ընդունելի է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համատեղ գիտական ծրագրերի բնագավառներին և ֆինանսավորման մեխանիզմներին, համագործակցության ձևաչափերին: ՄԳՏԿ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև ՀՀ ԿԳՆ գիտպետկոմում և գիտահետազոտական կենտրոններում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը: