Մնացականյանը բավականաչափ էլ խելոք է՝ վարպետորեն խաբելու համար. Հրանտ Բագրատյանը՝ ԱՎԾ ղեկավարի մասին
Այսօր ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին անվանեց «վիճակագրական սուտասան»:
Նա ներկայացրեց ՀՆԱ-ի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները, համեմատեց դրանք 1990թ. վիճակագրական ցուցանիշների հետ, ու նշեց, որ այս ծառայության տվյալներով՝ 20015-ին ՀՀ ՀՆԱ-ն գտնվում է 1990թ. համեմատ 167%-ի վրա:
Հ.Բագրատյանի խոսքով՝ Մնացականյանը խաղեր է տալիս աճի տեմպերի հետ՝ հաճոյանալով այս կամ այս նախագահին ու այս կամ այն վարչապետին: Նա նշեց, որ ՀՀ բնակչության թիվն իջել է՝ այդ ընթացքում 3.8 մլնից դառնալով 2.7 մլն, և այս տարի պետք է 2 անգամ լավ ապրեինք, քան 90 թվին, բայց արի ու տես, որ կա 40% աղքատություն:
«Ի՞նչ է անում այս երիտասարդը: Սա մի այլանդակ ձև է, և նման մարդիկ շատ վտանագավոր են: Ե՞րբ է մարդ վտանգավոր: Ես հասկանում եմ, երբ մարդը խելոք է, կրեատիվ ու երբ մարդը խելոք չի: Բայց երբ մարդը կիսախելոք է ու վարպետ ինտրիգների մեջ, սա վտանգավոր է: Խորամանկությունը, ինտրիգը խելք չի, բնազդ է, ժողովո՛ւրդ, խելոք մարդը խորամանկ չի, նա միշտ պարտվում է էդ հարաբերություններում»,- ասաց Հ.Բագրատյանը՝ հավելելով, որ Մնացականյանը բավականաչափ էլ խելոք է՝ վարպետորեն խաբելու համար:
«Կարգի բերեք պետությունը, ա՛յ մարդ, կարգի բերեք, ձերբակալեք էս ձևի չինովնիկին, ինչ ուզում եք արեք»,- հորդորեց նա:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի թվերի խառնաշփոթը՝ Հ.Բագրատյանը հայտարարեց՝ էլ ո՞նց է լինում կոռուպցիան՝ «Ոտքով է լինում, տեսքով է լինում, շորը փոխած է լինում… Սրա վերջը պետք է տալ, սա ծաղր է, էս աշխատանքը ու սրանց ծրագիրն էլ, մի բան էլ հաստատում ենք, թե ոնց պիտի խաբի մեզ»:
«Մենք էս երկրում ուզում ենք ապրենք, ուզում ենք հաղթենք, իսլամիստներն են մոտենում, հիմա իսլամիստների՞ դեմ պայքարենք, թե՞ սրանց դեմ»,- նշեց Հ.Բագրատյանը՝ կոչ անելով վերացնել ԱՎԾ-ն՝ «էս ամերիկյան խոխմեքը»: