
«Դուք ուզում եք այդ ամենն ունենա՞լ: Ուրեմն ընտրեք մեզ». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հասարակական ընդհանուր անտարբերություն ֆոնի վրա մի քանի տասնյակ մարդու թվում է, որ «այո»-ն կամ «ոչ»-ը իրենց աթոռի հարցն են լուծում, եւ քարոզում են այնպես, կարծես դեկտեմբերի 6-ին նախագահական ընտրություններ են լինելու: Մնացածներին, որոնք համացանցում լուտանքներ են գրում, խարազանում են երեւացող եւ աներեւույթ թշնամիներին, նրանց պարզապես այդ թեման «տարել է»՝ նրանք հավատացել են այդ մի քանի տասնյակ մարդու պնդումներին, որ Սահմանադրության հանրաքվեով որոշվելու է իշխանության հարցը: Այստեղից է այդ համացանցային եւ մասամբ հեռուստատեսային կատաղի քարոզչությունը, հայհոյանքները, թույն ու թարախը, որը երբեմն կոչվում է «քաղաքացիական դիրքորոշում»: Բնակչության մեծ մասին «այո»-ի եւ «ոչ»-ի շուրջ կրքերը չեն հետաքրքրում: Նրան հետաքրքրում է, որ գան լավ, բարի իշխանավորներ, որոնք «էս ժողովրդին տիրություն կանեն», նրա համար «զավոդներ կբացեն», նորմալ աշխատավարձ եւ թոշակ կտան: Գործիչները գնում են այդպիսի սպասելիքներ ունեցող քաղաքացիների մոտ եւ, ըստ էության, փորձում են խաբել նրանց. «Դուք ուզում եք այդ ամենն ունենա՞լ: Ուրեմն ասացեք՝ «այո» («ոչ»)»: Մեկուկես տարի հետո նույն մարդիկ դարձյալ գնալու են «ժողովրդի մոտ» եւ դարձյալ փորձելու են խաբել. «Դուք ուզում եք այդ ամենն ունենա՞լ: Ուրեմն ընտրեք մեզ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: