
«Շենգավիթ» ԲԿ-ում նորածնի մահվան հերթական դեպքն է արձանագրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շենգավիթ» ԲԿ-ում նորածնի մահվան հերթական դեպքն է արձանագրվել: Նոյեմբերի 19-ին ծննդկան Լարիսա Շահբազյանի մոտ 36 շաբաթվա հղիությունից հետո արձանագրվել է պտղի մահացության դեպք: Ըստ կնոջ հարազատների` 26-ամյա աղջկան «Շենգավիթ» ԲԿ են ուղեգրել «Արմավիր» բժշկական կենտրոնից:
Նրանց խոսքով՝ կնոջը «Շենգավիթ» ԲԿ-ում երկու անգամ արհեստական ցավեր են տվել, որ ծննդաբերի: Իսկ ավելի ուշ, երբ բժիշկները տարել են հետազոտման, հայտարարել են, թե երեխայի մոտ սրտի կանգ է գրանցվել: Ծննդկանի հարազատները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:
Ըստ հարազատների՝ հերթապահ բժշկուհին եղել է Անահիտ Սիրունյանը: Սակայն նրանք մեկ այլ բժշկուհու անուն էլ են տալիս՝ Անի Սեյրանովնա:
Հիշեցնենք, որ դեռևս 2015 հուլիսի 29-ին նույն այս հիվանդանոցում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները հայտարարում էին, որ Մերին հուլիսի 25-ին և 26-ին շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է նրան հոսպիտալացնել: Բժշկուհին, որը հրաժարվել էր Մերիին հոսպիտալացնել, եղել է հենց նույն Անի Սեյրանովնան, որը ծննդկանի մահվան քրգործով անցնում է որպես վկա: Նշենք, որ Մերի Մարգարյանի մահվան գործով կա ևս մեկ վկա՝ բժշկուհի Շուշանիկ Բախշյան:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: