«Փողոցում պայքարելու ենք ու հաղթանակած վերադառնանք տուն». «Կարմիր Քարտ» նախաձեռնություն

Գազի, լույսի, ալյուրի, շաքարավազի, բենզինի գների իջեցման հետ կապված իրենց ծրագիրը և հետագա գործողություններն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին նորաստեղծ «Կարմիր Քարտ» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները:

«Բաղրամյանում երիտասարդները ցույց տվեցին դեղին քարտը, հիմա արդեն կարմիր քարտ ենք ցույց տալիս իշխանություններին»,- ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Փայլակ Թևանյանը: Նա նշեց, որ նոյեմբերի 23-ին կառավարության շենքի դիմաց հավաքվելու և ներկայացնելու են բոլոր փաստերը, թե ինչ արժեն ապրանքներն հիմա ու ինչքան է դրանց իրական արժեքը:

Փ. Թևանյանը նշեց, որ, օրինակ, շաքարավազի 95%-ներմուծում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, իսկ մնացած 5%-ը հրուշակեղեն արտադրող ընկերությունները, որոնք սովորական շաքարավազ չեն վաճառում. «Առաջին սորտի շաքարավազի 1 կգ-ը 195 դրամ է՝ առանց մաքսատուրքի, բայց մեզ վաճառում են երրորդ սորտի շաքարավազ ու մեկ կիլոգրամը կրկնակի թանկ գնով: Այսինքն՝ գերշահույթով են աշխատում: Մենք նման երևույթների դեմ ենք պայքարելու»:

Շարժման նախաձեռնող խմբի անդամ Անուշ Բաղդասարյանն էլ հավելեց՝ օլիգարխները ստեղծել են այնպիսի մոնոպոլ վիճակ, որ իրենք են որոշում՝ որ ապրանքն ինչ գին պետք է ունենա, ու շարժման նպատակը դա կանխելն է. «Ժողովուրդը տեղյակ է այս ամենից, բայց չի պայքարում, դրա համար որոշեցինք երիտասարդներով պայքարել»:

Շարժման մասնակիցները համոզված են, որ իրենց պայքարը արդյունք կտա. «Փողոցում պայքարելու ենք ու հաղթանակած վերադառնանք տուն»:

Լրագրողների հարցին, թե տասը հոգով ինչպե՞ս եք պատրաստվում վերացնել Հայաստանում գործող մոնոպոլիան, Փ. Թևանյանը պատասխանեց, որ նույնիսկ մեկ հոգին կարող է հասնել հաջողության, եթե մշակի ճիշտ մարտավարություն. «Իսկ մարտավարություն մենք մշակել ենք»:

Տեսանյութեր

Լրահոս