«Եթե այդքան թույլ ու մարգինալ ենք, թող չխոսեն մեր մասին». Լևոն Զուրաբյանը՝ Էդուարդ Շարմազանովին

«Իշխանությունը հայտնվելու է շատ ծանր վիճակի մեջ, որովեհտև արդեն ակնհայտ է, որ ժողովուրդը մերժում է իշխանությանը, սահմանադրական փոփոխություններին և, եթե իշխանությունը դիմի կեղծիքների, դա իրեն շատ ծանր վիճակի մեջ կդնի: Հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը աջակցում է այս սահմանադրական փոփոխությունները մերժելու, Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը մերժելու մեր ջանքերին»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է սպասվում սահմանադրական հանրաքվեից հետո:

Ըստ նրա՝ իրենց նպատակը ոչ թե հանրաքվեն տապալելն է, այլ նախագծի չընդունվելը, և արդեն իսկ հասել են շատ մեծ արդյունքների, ինչի վկայությունն իշխանությունների անհանգստության դրսևորումներն են, օրինակ, երբ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մշտապես հակադարձում է իր ելույթներին. «Եթե այդքան թույլ ու մարգինալ ենք, թող չխոսեն մեր մասին»:

Մեր հարցին՝ համամի՞տ է, որ ցնցումային իրավիճակում ենք գտնվում, Լ.Զուրաբյանը պատասխանեց, որ կարող է այս պահին ցնցման շոկը չզգանք, բայց այն թվերը, որ ներկայացրել է կառավարությունը բյուջեում, սա արդեն ցնցումային վիճակ է ամբողջ ՀՀ համար. «2.2% աճ այս իրավիճակում, երբ 18%-անոց գործազրկություն ունենք,  տարեկան կորցնում ենք բնակչության 2%-ը, սա նշանակում է անկում դեպի անդունդ: Դեռ կարելի էր հույս ունենալ, որ իրավիճակը կկարգավորվի, եթե կառավարությունը բերեր կոնկրետ մի ծրագիր, որտեղ ասված էր, որ այս այս ծրագրերի շնորհիվ 7%-անոց աճ կապահովենք, ընդ որում՝ մշտական, հետևողական աճ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս