«Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմ է». ՀՅԴ-ական պատգամավոր
«Կտեսնենք` դեկտեմբերի 1-ին ինչ կլինի, հանրաքվեից հետո ինչ կլինի: Ամեն ինչ անում ենք, որ հանրաքվեն անցնի նորմալ պայմաններում: Ես իդեալիստ չեմ, իլյուզիաներ չունեմ, բայց վստահ եմ, որ շատ նորմալ հանրաքվե հնարավոր է անցկացնել»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է սպասվում դեկտեմբերի 6-ից հետո:
Ըստ նրա՝ դրանից հետո սպասվում է հսկայական աշխատանք 2 ուղղությամբ՝ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որ պետք է մինչև 2016 թ. ընդունվի, որ նվազեցնի որևէ առանձին ուժի առավելությունները և պետք է խնդիր դնեն, որ ՀՀ-ում արվեն քայլեր, որ հանրության մոտ հույս ու դրական սպասումներ կառաջացնեն և այս փոքր բյուջեն արդյունավետ կիրականացվի, որ պահպանման բյուջեն հիմք կստեղծի հետագա զարգացման համար: Ըստ նրա՝ դա պետք է անել կոնկրետ աշխատանքով:
Ա.Վարդանյանի կարծիքով՝ իրատեսական չէ հանրաքվեի տապալումը. «Քարոզչական աշխատանքը անելու ենք մինչև վերջ և մեր քաղաքացիները շատ լավ թացը չորից տարբերում են»: Միակ վտագը, ըստ ՀՅԴ-ականի, տեղական իշխանիկների միջամտությունն է ընտրական գործընթացին:
Հարցին, թե արդյոք անձամբ ինքը Սերժ Սարգսյանի իշխանության երկու ժամկետները համարո՞ւմ է լեգիտիմ, պատգամավորը պատասխանեց, որ ինչպես նոր Սահմանադրության պայմաններում ապրելու են բոլորը 10, 20, 30 տարի և սա դառնալու է խաղի կանոններ և՛ «ոչ»-երի, և՛ «այո»-ների, և՛ անտարբերների համար, այնպես էլ նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Նրա խոսքով՝ անկախ ընտրություներին տրված գնահատականներին, մենք ապրում ենք այս պայմաներում. «Այո, լեգիտիմ է: Ի՞նչ է նշանակում՝ իրավունք չունի Սահմանադրության փոփոխություն անել, որովհետև լեգիտիմ չէ: Սրանք օդի մեջ հայատարարություններ են, անիմաստ կոչեր: Սահմանադրական փոփոխություն անելու իրավունք ունի ՀՀ նախագահը»: