
«Ռոբերտ Քոչարյանի համար մտահոգիչ է այն, որ ինքն իր վերարտադրման հնարավորությունը չի տեսնում այս սահմանադրական փոփոխություններով». Արարատ Զուրաբյան

«Կարծում եմ՝ այս փոփոխությունների պարագայում՝ Ռոբերտ Քոչարյանն իր վերարտադրման հնարավորությունը չի տեսնում, ինչն իր համար մտահագոգիչ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Ա. Զուրաբյանը համոզված է, որ եթե Ռ. Քոչարյանը տեսներ հնարավորություն՝ հաջողության հասնելու այս պառլամենտական փոփոխությունների պարագայում, կողջուներ դա:
Խոսելով նաև Վարդան Օսկանյանի այն հայտարարության մասին, թե այս սահմանադրական փոփոխությունները կվնասեն մեր՝ առանց այն էլ փխրուն ժողովրդավարությանը, Ա. Զուրաբյանն ասաց. «Վարդան Օսկանյանը ժողովրդավարության մասին բազմաթիվ անգամներ խոսել է, խոսել է մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ մարդիկ էին սպանվել, մարդիկ էին հետապնդվում, ինքը շատ ակտիվ դերակատարություն ուներ, իշխամության խոսնակն էր դարձել ու ասում էր տեսակետներ, որ ժողովրդավարության ջատագովը չպետք է ասեր»: