2016թ. հունվարը Հայաստանը դիմավորելու է մեծ սկանդալով. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Փարիզում ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը քննարկելու է ևս մի հակահայ զեկույց, որն ընդամենը 15 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված՝ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի, ըստ էության, «2-րդ սերիան» է:
«Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին: Այն տապալելու որեւէ շանս այլեւս չկա եւ, բնականաբար, սույն զեկույցը կդառնա բանաձեւի նախագիծ եւ քննարկման կդրվի հունվարին նախատեսված ԵԽԽՎ նստաշրջանում: Նույն նստաշրջանում, հիշեցնենք, քննարկվելու է նաեւ 15 օր առաջ ընդունված «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձեւի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Բայց սա դեռ ամենը չէ: Ուոլթերի զեկույցի 17-րդ կետում խոսվում էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին: Այսինքն, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը:
Երկուշաբթի օրը Փարիզում ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի քննարկելիք զեկույցը, ըստ էության, «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի 2-րդ սերիան» է:
«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ում Բոսնիա Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հիշեցնենք, անցյալ տարվա ապրիլին ԵԽԽՎ Բյուրոն հայտարարել էր. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը»։ Մինչ այդ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության պատգամավորները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որտեղ նշել էին, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից, երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս դադարեցվում է։ Ադրբեջանական նախաձեռնության տակ ստորագրել էին ԵԽԽՎ 27 պատգամավորներ, եւ Բյուրոն, փաստորեն, որոշեց ընթացք տալ սույն նախաձեռնությանը, իսկ հետագայում զեկուցող նշանակեց Միլիցա Մարկովիչին: Մի խոսքով, Ադրբեջանը Սարսանգի ջրամբարի ջուրն է ուզում: Բայց միանշանակ է, որ այս զեկույցն էլ հեղեղված է լինելու «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները» բովանդակությամբ ձեւակերպումներով եւ ինչպես Ուոլթերի զեկույցում, պահանջվելու է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից:
Երկուշաբթի օրը նշանակված սոցիալական հանձնաժողովի նիստին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից մասնակցելու է սույն հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը: Երեկ մեզ հետ զրույցում նա ասաց. «Հայկական կողմի դիրքորոշումը այս հարցում հստակ է՝ սոցիալական հարցը քաղաքական հարթություն բերելը անընդունելի է: Սոցիալական հիմնախնդիրների քննարկման համար մենք միշտ էլ բաց ենք»: Հիշեցնենք, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն էլ ԵԽԽՎ Բյուրոյի որոշումից հետո հայտարարել էր, որ Արցախի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հարցում երկխոսություն սկսել: Նրա այս առաջարկը, սակայն, անարձագանք մնաց ե՛ւ ԵԽԽՎ-ում, ե՛ւ Ադրբեջանում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: