
«Կարծես թե մեղմացել են երկրորդ նախագահի գնահատականները». Վահրամ Բաղդասարյան

«Բավականին մեղմ հարցազրույց էր, եթե համեմատենք նախորդների հետ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նման տեսակետ հայնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ եթե այս հարցազրույցը համեմատում ենք երկրորդ նախագահի նախորդ հարցազրույցների հետ՝ արդեն, «կարծես թե, մեղմացել են երկրորդ նախագահի գնահատականները»:
«Ինչ վերաբերում է միակուսակցական համակարգին և այլն, նման բան չի կարող լինել: Ամբողջ պրակտիկան ցույց է տվել, որ որևէ քաղաքական ուժ 40 տոկոսից ավելի չի կարող համամասնականով ձայներ հավաքի, և հիմնական ձայները հավաքվում են մեծամասնական մանդատների հաշվին: Ընդհակառակը՝ սա բազմակուսակցական պառլամենտի ձևավորում է, որտեղ դերակատարությունը բոլոր քաղաքական ուժերի մեծանում է»,- նշեց Վ. Բաղդասարյանը:
Անդրադառնալով Ռ. Քոչարյանի՝ ԼՂՀ հարցի վերաբերյալ արած դիտարկումներին՝ Վ. Բաղդասարյանը նշեց, որ այդքան մեծ քաղաքական հայացքների և դիրքորոշումների փոփոխություն չի եղել երկրորդ նախագահի ժամանակաշրջանի և գործող նախագահի ժամանակաշրջանի միջև. «Կարծես թե դիրքորոշումները, հայացքները նույնն են»: