«Մեզ անհրաժեշտ է ջանքերի համախմբում». Գալուստ Սահակյան
Այսօր ԱԺ նիստում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց խորհրդարանի բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին՝ նախագծի շահագրգիռ ու արդյունավետ քննարկումների համար:
«2016թ. բյուջեի նախագիծը տնտեսական և քաղաքական կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որն արտացոլում է ՀՀ-ում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը, սոցիալտնտեսական քաղաքականության իրականացման ուղղությունները և զարգացման միտումները»,- ասաց Գ.Սահակյանը՝ հավելելով, որ այս առումով բյուջեի նախագիծը միտված է առաջիկա տարվա տնտեսական առաջնահերթությունների և դրանց իրականացման իրատեսականության վրա:
Ըստ նրա՝ կանխատեսումները կատարվել են իրատեսական դիրքերից՝ տնտեսության զարգացման համար ստեղծելով իրական նախադրյալ: Գ.Սահակյանի խոսքով՝ նախագիծն արտահայտում է ՀՀ-ում առկա տարաբնույթ խնդիրները և լուծման ուղիները: Նա նշեց, որ նախագիծը ներկայացվել է հիմնականում ծրագրային բյուջետավորման ձևաչափով, որ թույլ է տալիս հստակ պատկերացնել ծրագրերն ու սպասվող արդյունքները:
«Ես կարծում եմ՝ բյուջեն հնարավորությունների բյուջե է,- ասաց Գ.Սահակյանը և շարունակեց,- Մեր երկրի կարիքները բազմաթիվ են, իսկ միջոցները՝ սուղ: Կուտակված խնդիրները պետք է լուծվեն քայլ առ քայլ, ԱԺ և կառավարության, բոլոր քաղաքական ուժերի սերտ համագործակցության միջոցով: Առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ջանքերի համախմբում արտաքին մարտահրավերներին դիամակայելու և առկա դժվարություններն արժանավայել հաղթահարելու համար»: