Արմեն Ալավերդյանը պարզաբանեց, թե ինչ օճառամաններ են գնել և որտեղից
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն անդրադարձավ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի՝ Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
«Դրանց ֆինանսների նախարարությունը հենց երեկ իր կայքում տվել է համապատասխան պարզաբանում՝ մասնավորապես հերքելով այն լուրերը, որ անիրատեսական գնումներ են կատարվել: Ապրանքները, որոնք ներկայացված են եղել, պետք է ճիշտը ներկայացվի: Բերեմ հասարակ մի օրինակ՝ օճառաման: Օճառաման նկատի են ունեցել այն ապրանքը, որը եվրոպական արադրության օճառաման է, նախատեսված է ոչ թե մեկ օճառի, անհատական օգտագործման համար, այլ դա օգտագործվում է բազմակի ապրանքների տեղադրման համար, այդ ապրանքի անվանումն այդպես է և այդ ապրանքի գինը, դիցուք՝ հայտարարվում է 40 հազար, դա ոչ թե մեկ օճառամանն է, այլ… Բացի դրանից՝ ապրանքները ձեռք են բերվել Հայաստանի գործող խոշոր կազմակերպություններից մեկում, ինչպես ասում են՝ «Իդեալ» համակարգ, և բոլոր ապրանքներն այդ կազմակերպությունից են ձեռք բերվել, և ապրանքներն իրենց որակով ու գնով համապատասխանում են պահանջներին»,- ասաց փոխնախարար՝ նշելով, որ գնումները կատարվում են օրենսդրությանը համապատսախան:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ մամուլի հրապարակումներին պետք է անպայման պարզաբանում տալ: