Պաշտոնյաների բիզնեսը ծաղկում է պետպատվերի հաշվին. Գագիկ Բեգլարյանի ու Հերմինե Նաղդալյանի սերտ «համագործակցությունը». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում է պետգնումների ընթացակարգով չնախատեսված փոփոխություն կատարել։
Այս տարվա հունիսի 16-ին տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը 455.9 մլն դրամի պայմանագիր է կնքել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ու նրա ամուսնուն՝ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանին պատկանող «Սիսիանի Բուստ» և Վանաձորում գրանցված «Վառմաշ» ընկերությունների հետ՝ Մարգարա- Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհային հատվածի շինարարության համար։
Գագիկ Բեգլարյանն առաջարկում է փոփոխություն մտցնել պայմանագրում և սահմանել, որ աշխատանքների մի մասի դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին: Ըստ նախարարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար ՀՀ 2015թ. պետական բյուջեով նախատեսվել են ավելի քիչ ֆինանսական միջոցներ, հետևաբար պայմանագրով սահմանվել է, որ նախատեսված ընդհանուր աշխատանքների մնացած մասը կկատարվի դրանց համար համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո:
Կապալառու կազմակերպությունը դիմել է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին՝ առաջարկելով 2015թ. իրականացնել պայմանագրի ընդհանուր ծավալաթերթ-նախահաշվով սահմանված աշխատանքներն ամբողջ ծավալով՝ պայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվեն 2016 թ.-ին:
Նախարարն առաջարկում է թույլատրել և պայմանագրի շրջանակներում կնքել համաձայնագիր՝ սահմանելով, որ պայմանագրով նախատեսված կատարման ենթակա մնացորդային աշխատանքները կապալառուի կողմից իրականացվելու են 2015 թվականին, որոնք կարող են ընդունվել պատվիրատուի կողմից՝ պայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: