«ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի միջև բանակցային գործընթացին». Բրիջիթ Բրինք
«ԱՄՆ կառավարությունն աջակցում է Մինսկի խմբին»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը` ներկայացնելով ԱՄՆ կառավարության ջանքերը ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններ թույլ չտալու ուղղությամբ:
ԱՄՆ պաշտոնյան նշեց, որ ԱՄՆ հիմնական ջանքերն ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելուն, լարվածության թուլացմանը, աջակցելու բանակցային գործընթացին կողմերի միջև: «Գիտեմ, որ վերջերս եղել են բռնության դրսևորումներ և համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որը հստակ ասում է, որ ծանր զենքերի, հրետանու կիրառումն անընդունելի է, կոչ է արվել կողմերին հարգել հրադադարը: Ես և մեր դեսպանը աշխատում ենք, պաշտպանում ենք այն ջանքերը, որոնք բացառում են պատերազմը»,- ասաց Բրինքը:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՀՀ կատարած աշխատանքային այցին հաջորդած տեղեկությունների մասին, թե Ռուսաստանն առաջարկում է Ղարաբաղը հանձնելու սցենարի միջոցով կարգավորել հակամարտությունը, նա արձագանքեց, ասելով, որ ունենք գործընթաց, ՄԽ համանախագահները և կառավարության ներկայացուցիչները պաշտպանում են: « Գործընթացը համանախագահների միջոցով է ընթանում, ես ծանոթ չեմ այդ հայտարարություններին, բայց վստահ եմ, որ համանախագահներն աշխատում են բանակցային գործընացի համար, որն ի վերջո կհանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- ասաց նա: