Մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական դրամահավաք- հեռախոսամարաթոնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-22-ը կանցկացնի 16-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի կնքամայրն ու կնքահայրն են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Վերջիններս այդ 5 օրերի ընթացքում կքաջալերեն հայ համայնքին` միջոցառմանն առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերելու նպատակով:

«Հայաստան» համահայկական հինադրամի փոխանցմամբ՝ դրամահավաքի ողջ հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը, Սիրիայի և Իրաքի հայ ապաստանյալների օգնությանը:

«Չարագործների ձեռքով այսօր մեր երկիրը` Ֆրանսիան, վիրավոր է: Մենք սգում ենք: Նույն դաժանությունը 1915թ-ին տեսած մեր հայ ժողովրդի զավակների մի մասն էլ այսօր բարբարոսների պատճառով հարկադրաբար լքում է իր տունը Սիրիայում և Իրաքում և տարագիր ճամփա որդեգրում: Սա հարված է մի քաղաքակրթության, որի հիմքում ընկած են սերը մերձավորի հանդեպ, հարգանքը մարդկային արժանապատվության նկատմամբ, հանդուրժողականությունն ու ազատությունը: Հայաստանն ու Արցախը նույն քաղաքակրթության կրողներն են: Մենք պետք է պաշտպանենք այդ քաղաքակրթության սահմանները եւ աջակցենք այն տասնյակ հազարավոր հայերին, ովքեր այսօր հրատապ օգնության կարիք ունեն: Հեռախոսամարաթոն 2015-ի կնքամայր Անն Իդալգոյի և կնքահայր Պատրիկ Դևեջյանի համաձայնությամբ մենք անցկացնում ենք մարդասիրական խոշոր այս ակցիան` ինչպես որ նախատեսված էր: «Դուք մեզ չեք վախեցնի» խոսքերը, որ գրված են Փարիզի շենքերի պատերին, լիովին արտացոլում են մեր դիքորոշումը»,- հայտարարել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ կազմակերպվող համաեվրոպական միջոցառման այս տարվա բացումն ազդարարվել է նոյեմբերի 12-ին Փարիզի քաղաքապետարանի պալատում կայացած ճաշով:

Դրամահավաք-միջոցառումը կազմակերպվում է Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ և Լիոն քաղաքներում, որտեղից ավելի քան 600 կամավոր 5 օր շարունակ հեռախոսով կապվում է եվրոպաբնակ շուրջ 50000 հայ ընտանիքների հետ եւ հանգանակություններ հավաքագրում:

Ավանդույթի համաձայն, հեռախոսամարաթոնի մասնակից երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան եւ Շվեյցարիան: Եվրոպայում գործող Հիմնադրամի մյուս տեղական մարմինները (Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Հոլանդիա, Շվեդիա, Ռումինիա, Հունաստան, Կիպրոս) իրենց երկրներում կիրառում են սեփական դրամահավաք մեխանիզմները:

Տեսանյութեր

Լրահոս