Ես կռահել եմ Մերիի՝ ինձ մշտապես իրեն սիրահարված պահելու գաղտնիքը. Գոռ Պետրոսյան. Life.panorama.am
Իդեալական կնոջ իր պատկերացումների, կնոջը սիրելու եւ արժեւորելու իր տարբերակի, հայ կնոջ կերպարի վերափոխման եւ իր «կանանց» մասին Life.panorama.am-ը զրուցել է հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանի հետ:
Գոռ, աշխարհահռչակ մտածողներից սկսած մինչեւ յուրաքանչյուր տղամարդ կանանց վերաբերյալ իրենց բնորոշումներն ունեն, իսկ ո՞րն է Ձեր բնորոշումը, ո՞վ է կինը ձեզ համար:
– Կնոջը բնորոշել պետք չէ, կնոջը սիրել է պետք. միայն այդ ժամանակ նույնիսկ «ամենաանճոռնի ճուտիկը» կդառնա այն, ով պետք է տղամարդուն: Այլապես, ով էլ ու ինչպիսին էլ լինի կինը, միևնույնն է, անտաշ, անկիրք ու անկիրթ տղամարդու կողքին մի օր խամրելու է կամ փախչելու:
Թերեւս յուրաքանչյուր տղամարդ ունի կնոջ իր իդեալը, (ինչպես եւ կանայք ունեն իրենց տղամարդու իդեալը): Ինչպիսի՞նն է Ձեր իդելաների կինը, այլ կերպ ասած, ինչպիսի՞ կինն է Ձեզ համար իդելական կամ գոնե մոտ այդ որակավորմանը:
– Իմ կյանքում իդեալական կանայք մի քանիսն են. ինձ համար իդեալական կին է իմ մայրը, իդեալական կին է քույրս, իդեալական կին է կինս և հուսով եմ, որ ցանկն ապագայում կշարունակեմ՝ նույնկերպ որակելով նաև դստերս: Այո, նրանք կանացի են, խելացի են, զգայուն են, նրբանկատ են, վերին աստիճանի բարոյական ու մարդկային են: Ինչպես տեսնում եք իդելական կնոջ իմ մոդելը շատ կետեր ունի ու դրանց մեծ մասը ես գտնում եմ «իմ կանանց» մեջ:
Հետաքրքիր է նաեւ Ձեր բնորոշումը կապված Մերի Ներսիսյանի հետ, ինչպիսի՞նն է նա որպես կին:
– Ես վերջապես կռահել եմ Մերիի՝ ինձ իրեն մշտապես սիրահարված պահելու գաղտնիքը. նա երբեք չի բացում իր խաղաքարտերը մինչև վերջ, երբեք չի ասում վերջին խոսքը, ինքն իրեն թույլ չի տալիս բացահայտվել հասարականալու աստիճան. այդ է Մերին: Իսկ մյուս կողմից նա հավատարիմ ընկեր է, հուսալի զինակից, հոգատար մայր ու անդավաճան լավատես:
Գոռ հայ կնոջ կերպարը մի տեսակ մշտապես տարբերվել է. դարեր շարունակ հայ կինը եղել է ավանադապաշտ, համեստ, զիջող եւ ամենակարեւորը՝ ներող: Միաժամանակ, վերջին տարիներին մեծացող հայ կանանց սերունդը ասես թե աստիճանաբար վերջ է տալիս հայ կնոջ ընդունված կերպարին: Հետաքրքիր է՝ Ձեր բնորոշումը այսօրվա հայ կնոջ վերաբերյալ:
– Ես ծայրահեղական չեմ, բայց նաև դեմ եմ ավանդականը ֆետիշացնելուն կամ արևմուտքի բարքերին գերի դառնալուն: Ձեր որակումները գուցե ճիշտ են եղել դարեր առաջ կամ գուցե դրանք պարտադրվել են կանանց, չգիտեմ: Ինձ համար շատ ավելի կարևոր է, թե ով է հայ կինն այսօր: Հաճախ տեսնում եմ բաներ, որոնք չէի ցանկանա տեսնել ժամանակակից հայ կնոջ մեջ: Սերիալամոլ, բամբասկոտ, պարապ, կենցաղին գերի, ինքնակրթության ու զարգացման ցանկությունից զուրկ, աշխարհից կտրված, ծույլ, ջղային, չար…այսպիսի պաշարով կինը չի կարող լավ կին լինել ամուսնու և լավ մայր իր երեխաների համար. նա պարզապես տալու բան չունի:
Ձեր ընտանիքում մեծանում է ապագա հայ կին, հայ ընտանիքի մայր, նրա դաստիրակության մեջ հայ կնոջ ո՞ր գծերն եք փորձելու արմատավորել, եւ հակառակը:
– Չեմ կարծում, թե արժանապատիվ մարդու որակներն ազգություն են ճանաչում: Ուզում եմ, որ դուստրս նախևառաջ ինքնավստահ, մարդասեր ու երջանիկ լինի: Դրա համար մենք նրան տալիս ենք լավ կրթություն, զարգացնում ենք նրա ուժեղ կողմերը, նաև տալիս ենք շատ սեր ու անում ենք ամեն բան, որ ապրի ու մեծանա առողջ մթնոլորտում:
Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: