Փարիզը չի հաստատում Լոլա Ուզունյանի մահվան լուրը
Օրերս Փարիզի ահաբեկչության ժամանակ կորած 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանի մահվան լուրը չի հաստատվում։ Փարիզը խուսափում է անհետ կորածների վերաբերյալ տեղեկություն տարածել առանց նրանց հարազատների թույլտվության և հաստատման։
168․am-ը կապ հաստատեց ահաբեկչությունից հետո ստեղծված Ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Նրանցից մի քանիսի հետ զրույցում պարզ դարձավ, որ հայուհու փնտրտուքները դեռ շարունակվում են, թեև խումբը ահաբեկչությունից հետո գտել է մարմիններ, որոնք դեռ պետք է ճանաչվեն հարազատների կողմից։
Նրանց փոխանցմամբ՝ կապի մեջ են Ուզունյանի ծնողների, հարազատների հետ։ «Եթե նրանք ճանաչեն և հաստատեն, որ իրենց աղջիկը զոհվել է, ապա իրենք էլ այդ տեղեկությունը կտարածեն։ Մենք նման բան անելու իրավունք չունենք»,- ասաց ներկայացուցիչը։
Լոլա Ուզունյանի փնտրտուքները շարունակվում են Twitter սոցիալական ցանցում ևս նրա ընկերների և ծանոթների կողմից։ «Չեմ ուզում որևէ բան ասել։ Նրա ընտանիքը չի տարածել որևէ տեղեկատվություն»,- գրել է օգտատերերից մեկը։ Մյուսը գրել է, որ դեռ չի կորցնում Լոլային գտնելու հույսը։
168․am-ի տեղեկություններով՝ ահաբեկչությունից հետո գտնվել են մի շարք մարմիններ, եղել են կասկածներ, որ նրանց շարքում է նաև Լոլայի մարմինը, սակայն դա դեռ չեն հաստատել ծնողներն ու հարազատներն, ուստի դեռ վաղ է տեղեկություններ տարածել այն մասին, որ Լոլա Ուզունյանը մահացել է։
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք տեղի ունեցավ, որի հետևանքով մահացավ 158, իսկ վիրավորվեց ավելի քան 300 մարդ։ Մի քանի տասնյակ անձինք շարունակում են անհետ կորած մնալ, մի քանի զոհերի մարմիններ շարունակում են չհաստատված մնալ։
Նշենք, որ Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: Այս մասին Armeniatv.am-ին տեղեկացրել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության գանձապահ Վահե Խաթչերյանը: