«Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգությունը և բազմաթիվ այլ ահաբեկչություններ տեղի չէին ունենա, եթե չլինեին դրանք ծնողները»
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
«Աշխարհը ցնցած ահաբեկչությունն ու մեր պետության նկատմամբ հարևան երկրի դիվանագիտական դիվերսիայի փորձը ինձ ստիպում է այսօրվա հայտարարությունների ժամին Հայաստանի ներքին վիճակին ու դրանում մեղավորներին ուղղված քննադատությունս թողնել քառօրյայի մյուս օրերին:
Մեծ քսանյակի հետ որևէ կապ չունեցող Ադրբեջանի բռնապետ Ալիևը, որին Էրդողանը հետը տարել էր գագաթնաժողովին մասնակցելու, հայտարարեց, թե իր երկիրը ևս տուժում է ահաբեկչությունից և այդ ահաբեկչությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի իբր օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Հայաստանի ու հայության քաղաքական կենտրոնից` այս բարձր ամբիոնից հայտարարում եմ` Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգությունը և բազմաթիվ այլ ահաբեկչություններ տեղի չէին ունենա, եթե չլինեին դրանք ծնողները: Իսկ ծնվում է ահաբեկչությունը, որովհետև կան ոչ թե մարդկայնությամբ այլ կենդանական բնազդով ապրող սատանաներ, որոնք ազգային հերոսի կոչում են տալիս խաղաղ պայմաններում գիշերը քնած մարդուն կացնով մորթելու համար, կամ հրամայում են դիպուկահարել արտում խաղող հավաքող անմեղ կանանց: Եվ G20-ի գագաթնաժողովում հենց այս ու այլ ահաբեկչությունների հեղինակ Ալիևը, օգտագործելով փարիզյան ողբերգության թեման, այս անգամ էլ դիվանագիտական դիվերսիա է փորձում կատարել մեր պետության նկատմամբ»: