«Վիճակը ծանր է, բայց ոչ ծնկաչոք». Վաչե Գաբրիելյան
«Վիճակը ծանր է, բայց ես չէի անվանի ծնկաչոք բնակչություն և կուչ եկած: Պետությունն ամեն ինչ անում է, որ տնտեսությունը զարգանա»,- այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ տարածաշրջանային բացասական զարգացումների պայմաններում ՀՀ կառավարությունը հնարավորինս խթանել է տնտեսությունը՝ հարկային փոփոխությունների բարեփոխումներով, տնտեսվարողների վիճակի լավացումով և պետական ծախսերով: Վ. Գաբրիելյանի խոսքով՝ վերջին 1.5 տարում ՀՀ կառավարությունը կնքել է մոտ 35 պայմանագիր և ներգրավել 1.5 մլրդ դրամի չափ գումար ու այդքանի ծրագրեր է սկսել, որից տնտեսություն է գնացել 146 մլն-ը:
«Գումարներ կան, հենց այս պահին կառավարության կայունացման հաշվին կա 75 մլրդ-ի չափ գումար: Կառավարությունը նախաձեռնում է արտահերթ նիստ, որտեղ բյուջետային աջակցության 300 մլն դրամի ծրագիր է առաջարկվում»,- ասաց Վ.Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ բոլոր ջանքերը ներդրվելու են էժան միջոցներով ենթակառուցվածքների ծրագրեր իրականացնելու համար, և այս խթանման քաղաքականությունը շարունակվելու է: