«Ինչո՞ւ են «ոչ» ասողներն այդքան անհանգստացած. իրենք են քանդել այս երկիրը». Ֆերդինանդ Առաքելյան

«Մտավորականությունը նրա համար չէ, որ ասի՝ սա ճիշտ է, նա՝ սխալ: Մտավորականությունը բարձր է կանգնում բոլորից: Ես չեմ վախենում՝ ի՞նչ է փոխվելու, ի՞նչ չի փոխվելու, կարելի է պառլամենտական կառավարման մոդելի անցնել, կարելի է՝ նախագահականի, կարևորը՝ ինչպե՞ս ենք անելու, ի՞նչ խղճով ենք մոտենալու այդ օրենքներին և այս ժողովրդին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ Մտավորականների խորհրդի հայտարարությանը՝ ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:

Նա նշեց, որ մտավորականները հիմա կանգնած ենք «այո»-ի ու «ոչ»-ի արանքում, և իր հարցերը հղեց երկու կողմերին.

«Ինչո՞ւ են «ոչ» ասողներն այդքան անհանգստացած. իրենք են քանդել այս երկիրը: Այսօրվա այս գարշաշոտության ջրերը գալիս ու 25 տարի լցվում են այստեղ, իսկ դա մաքրելու համար շատ մեծ աշխատանք է պետք: «Այո» ասողներ, ո՞վ էր ձեզ խանգարում գեղեցիկ երկիր կառուցել. իշխանությունը դուք եք, պառլամենտը դուք եք, ինչո՞ւ եք տառապում այդ փոքր հաճույքների ձեռքը: Կոմֆորտը ձեզ կերել է»:

Քանդակագործի կարծիքով՝ եթե ուշադիր ենք նայում ամեն ինչին, տեսնում ենք մի բան՝ մեկն ուզում է վերցնել իշխանությունը, մյուսն էլ չի ուզում այն տալ. «Միշտ, բոլոր տեղերում այդպես է եղել: Ով ուզում է՝ լինի, կառավարման ինչ համակարգ ուզում են՝ թող հաստատվի, միայն բարոյական լինի ամեն ինչը: Մենք խոսում ենք նյութականից, բայց նյութականը շատ հեռու է բարոյականից: Բարոյականությունն է կառուցում գեղեցիկ նյութական:

Ասում են՝ իշխանություններն ուզում են վերարտադրվել, նախ՝ այդ տգեղ բառը մի ասեք: Իսկ մյուսներն ի՞նչ են ուզում անել, իրենք էլ են նույնն ուզում՝ մի փոքր դադարով: Այս երկիրը քանդել են հենց իրենք:

Ես խնդրում եմ ժողովրդին, որ առողջ մտածեն, ոչ ոքի կուլ չգնան և ընտրեն այն, ինչ հուշում է իրենց խիղճը»:

Տեսանյութեր

Լրահոս