«Dasaran»-ը ներկայացվեց ՀՀ Նախագահին
Ս.թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում «Դասարան» կրթական ծրագրի անձնակազմը՝ հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի ղեկավարությամբ Հանրապետության Նախագահին ներկայացրեց կրթական ծրագիրը:
Ծրագրի ինտերակտիվ շնորհանդեսն ուղեկցվել է «Դասարան»-ի տարբեր շահառուների՝ աշակերտների, նրանց ծնողների, ուսուցիչների, դպրոցների տնօրենների և մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետ տեսակապով, ովքեր ներկայացրել են իրենց աշխատանքում կամ ուսումնառության գործընթացում հիշյալ ծրագրի օգտակարությունն ու արդյունավետությունը:
Խոսելով ծրագրի առաքելության՝ հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության նոր որակ ստեղծելու գաղափարի իրականացման ուղղությամբ անցած վեց տարիների ձեռքբերումների մասին, «Դասարան» ծրագրի հիմնադիրները նշել են, որ ցանկություն ունեն արդի պահանջներին համահունչ՝ շարունակաբար զարգացնել ու կատարելագործել ծրագիրը և դրանում կիրառվող գործիքները՝ ներգրավելով նաև սփյուռքի հայկական դպրոցները:
Հանդիպմանը մասնակցող ՀՀ կրթության և գիտության, սփյուռքի նախարարները, պաշտպանության փոխնախարարը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների մասնագետներ և պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկայացրել են իրենց տեսակետները մասնավոր-պետություն համագործակցության արդյունք այդ ծրագրի արդյունավետության վերաբերյալ, ընդգծելով, որ այն զգալիորեն նպաստում է հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկությանը, հաշվետվողականությանը, ուսումնառության և դասավանդման գործընթացների որակի նկատմամբ վերահսկողությանը, ինչպես նաև պատշաճ վիճակագրությանը:
Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների և «Դասարան» կրթական ծրագրի պատասխանատուների հետ քննարկել է ծրագրի զարգացման հեռանկարին և հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր, այդ նպատակով տվել համապատասխան հանձնարարականներ: