«Հիմա քաղաքական մեծամասնությունը ինչ ուզում՝ անում է». ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի խոստովանությունները. «Առավոտ»

«Առավոտ» թերթը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հետ

–  Հետևո՞ւմ եք սահմանադրական բարեփոխումների «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավին ՝ հեռուստաշոուի տեսքով։ Ի՞նչ տպավորություն եք ստացել։ Հնարավո՞ր է՝ Դուք մասնակցեք դրան։

–   Հնարավոր է։ Բայց որ ասեմ հատուկ հետևում եմ այդ շոուին՝ չէ, որովհետեւ ես այլ ձեւի քարոզարշավի եմ մասնակցում։ Մարդկանց հետ շփվում եմ տարբեր ֆորմատով, իրենց մոտ առաջացած հարցերին փորձում եմ պատասխանել։

–  Հեռուստաշուի ընթացքում ակնհայտ դարձավ, որ մարդիկ բավական խիստ եւ քննադատաբար են վերաբերվում ՀՀԿ-ին։ Սա ցուցիչ չէ՞ մինչեւ հիմա հանրապետականների հնչեցրած բոլոր պնդումների դեմ, թե հանրությունը, ընտրողները դրական են վերաբերվում իշխող ուժին, վստահում են, ձայն են տալիս։

– Ոչ, ցուցիչ չի, որովհետեւ Ձեր դիտարկումները հատվածային, կետային են, ռեպրեզենտատիվ տիրույթում չեն։ Դրա համար այդպիսի հետեւություններ անելը վաղաժամ է։ Հետեւությունները կարվեն, երբ հանրաքվեն կավարտվի, ու կտեսնենք՝ ՀՀԿ-ն ունի՞ վստահություն, թե՞չունի։ Դրանք սոսկ Ձեր տպավորաթյուններն են ՝ սուբյեկտիվ, որեւէ կերպ չարդարացված։

– Ընդդիմադիր գործիչները ահազանգեր են հնչեցնում, որ ՀՀԿ-ն սկսել է ադմինիստրատիվ ոեսուրս կիրառել՝ ուսուցիչներ, բժիշկներ, մարզպետարաններ, գյուղապետարաններ։

–   Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը։ Եթե քվեարկությունը փակ եւ գաղտնի է, ու դրանով է ապահովվում ցանկացածի ազատ կարծիքի դրսեւորումը, ի՞նչ կապ ունի, երբ ուսուցիչը կարող է «այո» կամ «ոչ» ասել։ Դա իր կարծիքն է, նա էլ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու Բայց այն, որ կարծում եք, թե ստիպողական ազդեցության կարող ենք ունենալ որեւէ մարդու վրա, նշանակում է՝ այդ մարդուն ի սկզբանե մեղադրում եք ստրկամտության մեջ։ ժողովուրդն այդպիսին չէ։

– Սյունիքի մարզպետը հայտարարեց, որ ինքը հանրաքվեի լավագույն ցուցանիշներ կապահովի։ Այն իրադարձություններից հետո, ինչ կատարվեց Սուրիկ Խաչատրյանի, իր ընտանիքի հետ եւ շուրջ, Դուք կարծում եք, որ չկա՞ վախի մթնոլորտ, եւ մարդիկ ազատ ու անկախ արտահայտո՞ւմ են իրենց կամքը։

– Վախենալը անձնական հոգեբանական խնդիր է։ Եթե դուք վախկոտ եք՝ վախկոտ եք, եթե ոչ ՝ օրենսդրությանն ապահովում է, որ ձեր ազատ կարծիքն արտահայտեք։

–   Եթե առաջարկված բարեփոխումների տարբերակն անցնի, Դուք, իբրեւ իշխող ուժի ներկայացուցիչ եւ այս բարեփոխումների ջատագով, կարո՞ղ եք խոստանալ, հայտարարել, երաշխավորել, որ որոշակի ժամանակահատվածի կտրվածքով, երբ նոր ինստիտուտները ներդրվեն, Հայաստանում կոռուպցիան էականորեն կնվազի, ազատ տնտեսական մրցակցություն, ազատ դատական համակարգ կլինի։

– Ես կարող եմ ասել, որ ազատ տնտեսական զարգացման, ազատ մրցակցության, ապօրինությունների պակասեցման պայմանները շատ ավելի լավը կլինեն։ Մարդկանց էլ հնարավորություն տրվում է այդ վատ երեւույթների դեմ պայքարել։ Մինչեւ հիմա այդ հնարավորությունները չկային։ Տեսեք, սկզբունքորեն այժմ խորհրդարանում մեծամասնությունը կարող է ինչ ուզում է՝ անել, եւ դուք տեսնում եք։ Այն ժամանակ չի կարողանալու։

–  Հրանտ Բագրատյանը հեռուստաշոուի ժամանակ ասաց՝ եթե այս համակարգը վատն էր, ինչո՞ւ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը իրենց նախընտրական ծրագրերում չէին ամրագրել համակարգային փոփոխություններ։

–   Ո՞նց չէինք ամրագրել։ Լոզունգը հիշո՞ւմ եք՝ «Հավատանք, որ փոխենք»։ ժողովրդին ասված էր։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս