«Ինձ մոտ հիմա դեժավյու է, նույն սցենարը, կարծես, նույն ձեւով կրկնվում է». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Դաշնակցության անդամները «Այո»-ի ակտիվ քարոզարշավ են անցկացնում մարզերում: Բագրատ Եսայանը նոր է վերադարձել Կոտայքի ու Արագածոտնի մարզերից: «Մարդկանց հետաքրքրվածությունը կար, կային մարդիկ, որոնք ավելի շատ «Ոչ»-ի կողմից էին հարցեր տալիս, բայց մեր խումբը բավարար չափով կարողություն ու հնարավորություն ունեցավ բացատրելու՝ ինչո՛ւ պետք է այո ասեն: Ընկալումը շատ լավ էր, մարդիկ շատ բարյացակամ էին»,- իր տպավորություններով կիսվեց Բագրատ Եսայանը:

Մեր հարցին՝ դո՞ւք էլ եք արձանագրել մարզերում ընտրողների ուռճացված ցուցակներ, պարոն Եսայանն ասաց. «Ես գնահատական չեմ տալու որեւէ երեւույթի, որը կապված է քվեարկության գործընթացի, ցուցակների հետ, որովհետեւ ծանոթ չեմ ոչ մեղադրողների փաստարկներին, ոչ պետական մեքենայի փաստարկներին: Ով որ ուսումնասիրել է՝ նրան հարցրեք»:

Մեր հարցին, թե «Ոչ»-ի քարոզողները մարզային այցելությունների ժամանակ խոչընդոտների են հանդիպում, օրինակ արգելքներ գյուղապետարանի կողմից, ինչը չեն ունենում «Այո»-ի քարոզողները. Այս մոտեցումը անհավասար պայմաններ չի՞ ստեղծում, պարոն Եսայանը չհամաձայնեց: Նա պատմեց, որ մի քանի կլոր սեղան քննարկումների է մասնակցել եւ ոչ-ի հինգ կողմնակից էր մասնակցում ու մեկ այո-ի մասնակից, դա էլ ինքն էր.

«Հիմա չգիտեմ, տասներկու ընտրություն է եղել 1995-ից այս կողմ. հինգ խորհրդարանական, հինգ նախագահական եւ երկու սահմանադրության ընդունման ու բարեփոխումների ընտրություն, սցենարը մշտապես նույնն է, ընդդիմադիր կողմնորոշում ունեցողները քարոզարշավների միջանկյալ փուլում սկսում են մեղադրանքները, թե իշխանությունը օգտագործում է վարչական ռեսուրս, ընտրությունների օրվա համար խոսում են ընտրախախտումներից, մամուլը ընտրախախտումներ է սկսում հավաքել, ընտրությունների հաջորդ օրը ժողովուրդ են սկսում դուրս բերել փողոց, անցնում է մի շաբաթ ու ամեն ինչ վերջանում է: Այսինքն, տասներկու անգամ նույն սցենարը կրկնվել է, ինձ մոտ հիմա դեժավյու է, նույն սցենարը, կարծես, նույն ձեւով կրկնվում է: Չեմ կարող գնահատել, որովհետեւ ինքս չեմ տեսել, իմ առջեւ չի կատարվել, չեմ կարող գնահատական տալ ոչ-ի քարոզողների տեղեկություններին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս