ՖԱՖ-ը պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը
Առաջին հայկական ճակատ երկրպագուական ջոկատը անցկացրեց երթ դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Երթին մասնակցում էին ավելին քան 200 երկրպագուներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երկրպագուները ներկայացրել էին 3 պահանջ՝ նոր ու բարձրակարգ մարզիչ, ոչ ֆուտբոլային պատճառներով հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստների հարցի վերանայում և տոմսերի գների նվազում:
Երկրպագուները ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց սպասում էին ՀՖՖ նախահագ Ռուբեն Հայրապետյանի կամ ֆեդերացիայի այլ աշխատակցի արձագանքին, սակայն այդպես էլ պատասխան չստանալով հանդես եկան նոր հայտարարությամբ:
ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը երկրպագուների ճակատի անունից հայտարարեց, որ իրենց հարցերի պատասխանների փոխարեն իրենք ստացել են վիրավորական պատասխան Ռուբեն Հայրապետյանից, որտեղ Հայրապետյանը անվանել է ՖԱՖ-ին տուրիստական խմբակ: Ջանջոյանը նշեց, որ ՖԱՖ-ի նպատակը ոչ թե առճակատման դուրս գալն է, այլ միասին հայկական ֆուտբոլի վիճակի բարելավումը: Սակայն նման արհամարհական վերաբերմունքից հետո, ՖԱՖ-ը իր պահանջներին ավելացրեց ևս մեկը՝ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
Հայտարարվեց նաև, որ նոյեմբերի 20-ին կանցկացվի ևս մեկ երթ՝ արդեն 4 պահանջներով: Երթի մասին մանրամասն կհաղորդվի առաջիկա օրերին:
Հավելենք նաև, որ Առաջին հայկական ճակատի կողքին են կանգնել նաև ՖԱՖ-ի անդամները արտասահմանից:
Սիրարփի Աղաբաբյան
Լուսանկարը՝ hetq.am