«Սահմանադրության հանրաքվեն իմիտացիա է և մի նպատակ ունի՝ շեղել ժողովրդի ուշադրությունը». Արամ Սարգսյան

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա այն առումով, որ մենք մի այնպիսի հանգրվանի ենք հասել, որ պետք է կառավարման համակարգը փոխել ու առաջադեմ համակարգ որդեգրել: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ըստ որի՝ հիմա ճիշտ պահն է սահմանադրական փոփոխությունների:

Նրա խոսքով՝ մենք պետք է անցնենք խորհրդարանական համակարգին, որպեսզի քաղաքական համակարգը, կուսակացությունները կայանան, ու մենք  դառնանք ավելի ժողովրդավարական երկիր:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն էլ վերահաստատեց, որ իրենց կուսակցությունը դեմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին:

«Դա ոչ միայն ժամանակավրեպ է, այլև անիմաստ: Մենք չենք կարող համաձայնել այն ձևակերպումների հետ, որոնք այսօր տեղ են գտնում այս Սահմանադրության մեջ, երբ պետությունն իր վրայից գցում է պատասխանատվությունը, պետությունը ձեռքերը լվանում է, ասում է՝ ինչպես կարող եք, վարվեք: Շատ դժվար է պատկերացնել, որ մարդիկ կարող են վստահել այս իշխանության կազմակերպած հանրաքվեին»,- նշեց Ա. Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ իրենք գաղափարապես դեմ են այս նախագծին և ոչ թե՝ որովհետև  այն  ՀՀԿ-ն է ներկայացնում.  «ՀՅԴ-ն մոռացել է, որ իրենք սոցիալիստ են ու չեն կարող  չնկատել այն բոլոր թերությունները, որոնք կան այս նախագծում: Եթե մենք ընդամենը հույսներս դրել ենք նրա վրա, որ վարչապետական հանրապետությունը կարող է դա անել՝ սխալվում են, քանի որ կլանային և օլիգարխիկ հիմքերը հստակ են: Իմիտացիա է սա՝ փոփոխություների առումով, ու մի նպատակ ունի՝ շեղել ժողովրդի ուշադրությունը, թե՝ հույսերով ապրեք, լավ է լինելու»,- ասաց նա:

Լ. Մարտիրոսյանն էլ նկատեց, որ եթե սա չիրագործվի, մնալու է գործող Սահմանադրությունը, որտեղ նույն այդ խնդիրները կան. «Սա փորձ է ուղղակի քաղաքական համակարգը փոխելով՝ փորձելու  ավելի մեր երկրի առջև ծառացած խնդիրները հեշտությամբ լուծել:  Սա ռիսկային որոշում է մեզ համար, քանի որ այսպիսի համակարգ մենք երբևէ չենք ունեցել, ռիսկային է այն առումով նաև, որ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, բայց, այսպես թե այնպես, այդպես է, այնպես որ, եկեք գոնե փորձենք»:

Ա. Սարգսյանի համոզմամբ՝ ժողովրդի 10 տոկոսն էլ չգիտի հանրաքվեի մասին. «Այդ շուոները, որ կազմակերպվել են, մարդիկ զարմացած են մնացել»:

Տեսանյութեր

Լրահոս