Լ. Զուրաբյանի խոսքով՝ Աշոտյանը զանգվածաբար մարդկանց դրդում է հանցագործություններ կատարելուն
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չարաշահում է իր լծակները՝ քաղաքական հաղորդում վարելով, ուսուցիչներն արդեն խախտումներ են անում՝ հանուն սահմանադրական հանրաքվեի:
«Քանի որ Դուք և մեծամասնության բազմաթիվ պատգամավորներ բազմիցս հայտարարել են այստեղ, որ կարևորում եք սահմանադրական հանրաքվեի լեգիտիմությունը, չեք կարծո՞ւմ, որ ճիշտ կլիներ նախարար Արմեն Աշոտյանից ԱԺ անունից բացատրություններ պահանջեիք»,- Լ.Զուրաբյանը դիմեց քառօրյա նիստերի օրակարգը զեկուցող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
ԱԺ նախագահը հայտարարեց, որ թույլատրեց Զուրաբյանին խոսել, քանի որ ինչ-որ մի առիթով խոստացել է, որ խոսափողը չի անջատի, իսկ կեղծիքների մասին, ըստ նրա, մինչև 1996-97 թթ. նման բաներ եղել, սակայն այսօր պետք է ճշտել՝ կրկնվո՞ւմ են, թե՞ ոչ:
Ըստ Լ.Զուրաբյանի՝ խնդիրը կապված է ոչ միայն Ա.Աշոտյանի հետ, այլև նրա հրահանգները կատարող բոլոր ուսուցիչների և տնօրենների, որոնց գործողությունները Քրեական օրենսգրքով 2-5 տարվա պատժի են ենթարկվում: Լ. Զուրաբյանի խոսքով՝ Աշոտյանը զանգվածաբար մարդկանց դրդում է հանցագործություններ կատարելուն: ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ հաղորդում վարելով՝ Ա.Աշոտյանը խախտում է Հանրային հեռուստաընկերության անկողմնակալության և հավասարության սկզբունքը:
«Դա պրովոկացիոն հայտարարություն է, չեք կարող ապացուցել, որ ուսուցիչը գնում է խախտումների: Դեռ հանրաքվեի օրն էլ չէ, ինչպե՞ս պետք է խախտեն: Լավ կասենք ուսուցիչը բառարանից «այո» բառը կհանի, միայն «ոչ» կասի»,- հակադարձեց Գ.Սահակյանը՝ նշելով, որ հիմնական դպրոցները ոչ թե անմիջապես Աշոտյանն է ղեկավարում, այլ տնօրենները:
«Հումորն ու սատիրան հետևանք կունենան նաև ձեր խոսքի վրա»,- սաստեց Գ.Սահակյանը: