Մարզերում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները
Նոյեմբերի 16-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 271 դեպք: Ս. Ազարյանը զեկուցեց նոյեմբերի 12-ին և 13-ին արձանագրված ուժեղ քամու հետևանքների մասին: Հանրապետության տարբեր մարզերում քամիները մեծ վնասներ են հասցրել՝ առանց էլեկտրականության թողնելով բազմաթիվ համայնքներ: Լոռու մարզում տուժել է 31 բնակավայր, Արագածոտնում՝ 11, Շիրակում՝ 11, Գեղարքունիքում՝ 10, Կոտայքում՝ 10, Սյունիքում՝ 8, Տավուշում՝ 7, Արարատում՝ 2: Ս. Ազարյանի փոխանցմամբ՝ մարզային փրկարար վարչությունները գործել են հնարավորինս արագ և արդյունավետ, իսկ վթարավերականգնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Տարվում են համապատսախան աշխատանքներ՝ ճշտելու բնակչության կրած վնասի չափը:
Խորհրդակցությանը ՍՊԾ պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ Երևանում և մարզերում միջոցառումներ են նախապատրաստվում՝ նվիրված Սպիտակի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցին: Նախատեսվում է սեյսմիկ պաշտպանության թեմաներով դասընթացներ անցկացնել կրթական հաստատություններում, կազմակերպել հանդիպումներ և քննարկումներ:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը իր զեկույցում նույնպես անդրադարձավ ուժեղ քամիներին: Ծառայության պետը նշեց, որ այսօր քամիներ են սպասվում Լոռու մարզում: Լ. Վարդանյանի փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ, կդիտվի ջերմային ֆոնի բարձրացում:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։
Խորհրդակցության ընթացքում նախարար Ա. Երիցյանը փ/ծ գնդապետի կոչում շնորհեց ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, փ/ծ փոխնգնդապետ Հովհաննես Մարգարյանին:
Նախարար Ա. Երցյանը նաև հուշանվեր հանձնեց նոյեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում կայացած Գյուղական համայնքների 5-րդ համաժողովի ընթացքում հետաքրքիր ելույթով հանդես եկած Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքի բնակիչ Հովհաննես Սամվելի Ծառուկյանին՝ մաղթելով նրան հաջող ծառայություն ՀՀ զինված ուժերում: