
Ինձ թվում է՝ մեր տանը չար ուժ կա, ամեն ինչ «թարս» է գնում. Կարո՞ղ եմ աղոթքներով և խունկ ծխելով մաքրել տունը

– Ինձ թվում է՝ մեր տանը չար ուժ կա, որովհետև ամեն ինչ «թարս» է գնում: Կարո՞ղ եմ աղոթքներով և խունկ ծխելով մաքրել տունը: Շաբաթը քանի՞ անգամ և ե՞րբ կարելի է խունկ ծխել:
– Հին ասացվածքն ասում է. «Մարդն է տեղը զարդարում, և ոչ թե տեղը` մարդուն»: Քրիստոնեությունը Աստռծու հետ մեր հարաբերությունը հեթանոսական վախի ծառայությունից փոխեց սիրո հաղորդության: Քրիստոնյան անձնական հաղորդության մեջ է Աստծու հետ և հենց այդ սիրո համար է հեռանում չարից: Իսկ չարը մարդուց դուրս չէ: Մարդն է գործում չարը, որով էլ պղծում է իր շրջապատը: Մենք շաբաթը-մեկ պետք է մասնակցենք Սուրբ Պատարագին և հաղորդվենք մեր Փրկիչ Աստծու` Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Այսպես վարվելով` կբժշկվենք մեր կյանքն ապականող և տառապանքի վերածող հոգու հիվանդությունից` մեղքից, և կկարողանանք վայելել կյանքը: Նա, ով հաղորդակից չէ Քրիստոսին, դժվարանում է կյանքը հասկանալ: Հաճախ «թարս» թվացող բաները ավելի են անհանգստացնում մեզ, քան մեր չար սովորությունները, որոնք ապականում են մեր գիտակցությունն ու ըմբռնումը կյանքի նկատմամբ:
Իսկ կյանքը ոչ թե գոյություն ունենալ է նշանակում, այլ՝ դժվարությունները հաղթահարելու կարողություն: Կյանքի հասկացողությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես իմաստուն կերպով խուսափել փորձություններից, իսկ փորձության դեպքում հաղթահարել այն: Դուք կամենում եք խնկարկությամբ «մաքրե՞լ» տունը: Դա Ձեզ ոչինչ չի տա: Անգամ եթե քահանա էլ հրավիրեք՝ տնօրհնեքի, սակայն դա էլ ապարդյուն կանցնի, քանի որ քահանան շաման կամ վհուկ չէ, ոչ էլ հեթանոսական մոգ, որ ինչ-որ գործողությամբ «թարս» բաները հեռացնի: Անհրաժեշտ է, որ դուք փոխվեք՝ սկսեք ապրել քրիստոնեական, այսինքն՝ Քրիստոսին հահորդակից կյանքով: «Խնկարկեք» ոչ թե Ձեր տունը, այլ Ձեր հոգևոր կյանքը Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդության անուշ բույրով և կսկսեք այլ աչքերով նայել այդ «թարս» բաներին:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am