Բաժիններ՝

Ինչու ԱԺ խմբակցություններն առաջարկներ չեն ներկայացնում բյուջեի նախագծի վերաբերյալ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումներից հետո պատգամավորները պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեին կառավարություն: Սակայն պատգամավորները, կարծես, այնքան էլ ակտիվ չեն:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ չեղած բյուջեին առաջարկ էլ չի լինում. «Բյուջե չկա: Ամեն ինչ դեպի ներքև է, ամեն ինչ նվազում է»:

«Մենք, իհարկե, դեմ կքվեարկեք, և ոչ միայն դեմ կքվեարկենք, այլև իրենց ֆինանսական դեմքը կբացենք»,- խոստացավ Ա.Մանուկյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ դեռ քննարկումների փուլում են. «Բյուջեն այնպիսին է, որ պետք է մտածենք՝ իմաստ ունի՞ առաջարկ ներկայացնենք ընդհանրապես: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք մեր տնտեսական բլոկի թիմով քննարկումներ կանենք և վերջնական մոտեցում կձևավորենք»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ևս նշեց, որ տեսակետ դեռ չեն ձևավորել, քննարկումներից հետո պարզ կլինի: Ամեն դեպքում, Փոստանջյանը համոզված է, որ հաջորդ տարվա բյուջեին «Ժառանգության» դիրքորոշումը բացասական է լինելու. «Արդեն որերորդ տարին է՝ պատգամավոր եմ, որևէ անգամ կողմ չեմ քվեարկել»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը միակն էր, որ ասաց՝ առաջարկներ ներկայացրել են, սակայն, թե ինչպե՞ս կքվեարկեն՝ պարզ չէ. պետք է քննարկեն խմբակցությունում և որոշեն:

Նշենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ հերթական չորսօրյա նիստի օրակարգում կներառվի «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդգրկելու և քննարկելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս