Ականը պայթեց, փոշի բարձրացավ, ոչինչ չէր երևում Մի քանի վայրկյան շոկի մեջ էի… հազիվ լսեցի. «Զեմ, ինձ այստեղ չթողնես…»
hayzinvor.am. «Նա Զեմն է (ժամանակին ինչ-որ մեկը բանակում ի դեմս նրա «զեմլյակի» է գտել, այդտեղից էլ մականունը): Հետախույզ է` հատուկ նշանակության ստորաբաժանման կապիտան, «Արիության» մեդալակիր: Մարդ, որ տասնյակ անգամներ ներթափանցել է հակառակորդի թիկունք, մարդ, որ կատարում է հրամանատարության ամենապատասխանատու առաջադրանքները, մարդ, որ անընդհատ հայտնվում է կյանքի ու մահվան սահմանագծում: Այսպիսին է հետախույզի ծառայությունը: Հետախույզից ոչ ոք ոչինչ չի կարող «կորզել», եթե միայն ինքը չցանկանա…
ՊԱՀԱՊԱՆ ԽԱՉՍ
Կնունքիս խաչը միշտ պարանոցիս է: Երբեմն թվում է, թե այդպես եմ ծնվել` խաչով: 13 տարեկան էի, երբ ինձ կնքեցին: Սպիտակ և կարմիր թելերից հյուսված վզնոցից՝ նարոտից կախված էր… Հիմա` 35 եմ, իսկ խաչս հետախույզի իմ տարբերանշանին է ամրացված: Խաչս ինձ հետ է ամենուր և ամեն ժամ: Նրա մեջ իմ եսն է` իմ ձգտումները, ցանկությունները, սպասելիքները, հաղթանակներն ու պարտությունները, իմ վախերը, դրանք հաղթահարելու ջանքերը… Մենք մեկ ենք՝ ես ու իմ խաչը…
ԻՄ ՄԱՍԻՆ
Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս. «Կպատկերացնեի՞ր, որ մի օր հայտնվելու ես հատուկ նշանակության զորամասում»: Ախր, ես Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումն ավարտած սովորական մի տղա էի, առանձնապես աչքի չէի ընկնում ո՛չ ֆիզիկական ուժով, ո՛չ էլ արտառոց այլ ընդունակություններով: Ինձ նույնիսկ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան չէին ընդունել: Պինդ չէի: Բայց ես համբերատար եմ, ես սպասել գիտեմ: Ասում են՝ համբերությունդ երբեք մի կորցրու, քանզի այն հաջողության հասնելու միակ ճանապարհն է: Ես այդպես էլ վարվել եմ՝ սպասել եմ իմ ժամին: 2006 թվականն էր: Դիմեցի պայմանագրային ծառայության անցնելու համար: Ընդունվեցի հատուկ նշանակության զորամաս:
ՎԱԽՍ
Վախենում էի բարձրությունից: Ես սովոր էի հողը զգալ ոտքերիս տակ: Բայց, ինչ հետախույզ, եթե պարաշյուտով չթռչի: «Ես ո՞նց կարող եմ… Ես ո՞նց կարող եմ… Ես ո՞նց կարող եմ…»,- մտածում էի ուղղաթիռի դռան մոտ կանգնած: «Դո՛ւ պարտավոր ես թռչել»: Մեկ… երկու… երեք… Նետվում եմ ցած: Երկնքում եմ: Ես եմ ու օդը: Ահա ոտքերս հպվում են երկրին: Եվ մեկընդմիշտ մոռանում եմ վախերիս մասին:
ԴԱՐԲՆՈՑ
Արտերկրում վերապատրաստման էի: Ամեն օր պետք է 12 կմ վազեի բարդ ռելիեֆով տարածքում, անսովոր կլիմայական պայմաններում: Պետք է վարպետորեն շրջանցեի անակնկալները: Վերադառնում էի զորանոց՝ վերջին ուժերս սպառած: Թվում էր, թե վաղն այլևս չեմ կարողանալու: Սովորելը դժվար էր ու բարդ, բայց ամեն օրը ավելի էր կոփում իմ մարմինն ու կամքը:
ԵՍ՝ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ
Վերջապես ինձ առաջադրանք վստահեցին. պատժել հակառակորդին՝ ի պատասխան սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ նրա ոտնձգությունների: Թշնամուն լռեցրի: Ես էլ լռեցի: Երկար լռեցի: Իմ ներսում լռեցի: Հետո ընկերս ասաց. «Մենք պատասխանում ենք՝ քեզ մեղավոր մի՛ զգա»:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Սիրտդ արագ է խփում… Թըփ-թըփ-թըփ-թըփ-թըփ… Հինգ րոպե, հետո անցնում է: Շունչդ պահում ես: Թվում է՝ եթե չպահես, կլսեն: Անձայն քայլում ես, աննկատ տեղաշարժվում: Պարտավոր ես ձուլվել միջավայրիդ՝ ծառ ու ճյուղին, հող ու քարին… Ռիսկի գործոնը շատ մեծ է, բայց փողոցն անցնելն էլ է վտանգավոր, եթե ճիշտ չես անցնում:
ԱՐԻՈՒԹՅՈՒՆ
Մեր դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հետախուզական ստորաբաժանումը հարձակում էր իրականացրել: Դիրքապահները հետ էին մղել հակառակորդի մեծաքանակ ստորաբաժանումը՝ հետապնդելով չեզոք գոտում: Վիրավոր ունեցանք: Հրաման էր տրված՝ դուրս բերել: Ընկերոջս՝ Սարգիս Ստեփանյանի հետ առաջ էինք գնում՝ վնասազերծելով ականները: Սարգիսն արդեն ականազերծել էր 30-40 մետր տարածք, մոտ 5-6 ական: Շտապում էինք: Ընդամենը երկու մետր, և նա կհասներ վիրավորին: Սակայն… ականը պայթեց: Փոշի բարձրացավ: Ոչինչ չէր երևում: Մի քանի վայրկյան շոկի մեջ էի: Վերջապես ձայն տվեցի. «Սաքո՛, Սաքո՛…»: Հազիվ լսեցի. «Զեմ, ինձ այստեղ չթողնես…»: Մոտեցա: Սարգիսը փորձում էր կանգնել… Չստացվեց… Ձեռքն ու ոտքերը այլևս նրան չէին ենթարկվում… Ես փոքրամարմին եմ, իսկ Սարգիսը հուժկու տղամարդ է. ծանր էր: Պետք է շարժվեի աննկատ. տարածքը հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ էր: Միայն թե հասցնեմ, միայն թե արնաքամ չլինի: Խրամատ հասցնելուց հետո միայն չկարողացա զսպել արցունքներս…
ՍԻՐՈՒՄ ԵՄ…
…Կյանքը: Ամեն գործողությունից հետո՝ ավելի ուժեղ: Սիրում եմ առավոտը, երեկոն, սիրում եմ արևը, անձրևը, ձյունը, այս մի բաժակ տաք թեյը: Սիրում եմ մեր բակում աղմկող երեխաներին, կարմիր լույսի տակ խաչմերուկը դանդաղ հատող ծերուկին… Ես պարզապես սիրում եմ, որովհետև հետախույզի համար ամեն օրը պարգև է»:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ