«Դա ՌԴ-ի և ԼՂՀ-ի գործն է». Լևոն Զուրաբյանը՝ Բակո Սահակյանի հայտարարության մասին

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն է հռչակված: Եվ, լինելով անկախ պետություն, ինչ կուզի, կանի՝ իր շահերից ելնելով: Եթե ինքը ինչ-որ հարաբերությունների մեջ է մտնում Ռուսաստանի Դաշնության հետ, դա Ռուսաստանի Դաշնության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է զբաղվենք Հայաստանին վերաբերող պրոբլեմներով»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով տարածված լուրերը, որ Մոսկվայում ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, թե Արցախը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ստեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունների համար տրամադրելու հարցը, ինչը սակայն ավելի ուշ հերքեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

168.am-ի հարցին, թե արդյոք նման որոշում ընդունելու դեպքում Արցախի վրա ահաբեկիչների ուշադրությունը գրավելու վտանգ չկա՞, Լ.Զուրաբյանը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել ԼՂ ղեկավարությանը. «Եթե համարում եք, որ դա լուրջ վտանգներ է առաջացնում, այդ հարցն ուղղեք իրենց»:

Մեր հարցին, թե ի՞նչ են նշանակում ռուսական մամուլում հրապարակումները, որ անվտանգության գոտու շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին, Լ.Զուրաբյանը պատասխանեց, թե չի կարծում, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները պետք է  զբաղվեն փորձագիտական վերլուծություններով. «Մեր դիրքորոշումները ԼՂ խնդրի շուրջ բոլորին հայտնի են, և մենք պետք է արձագանքենք այն դեպքում, երբ կա արդեն հստակ անհերքելի հրապարակային տեղեկություն, թե ինչ է կատարվում: Այս պահին նման ինֆորմացիա չկա և մենք չենք կարող առաջնորդվել մամուլում եղած արտահոսքերով, որոնց հուսալիությունը դեռ այդքան էլ պարզ չէ մեզ համար»:

Դիտարկմանը, որ այդ հրապարակումները ի հայտ եկան ՌԴ ԱԳ նախարարի Հայաստան այցից անմիջապես հետո, Լ.Զուրաբյանը նշեց, որ դրա միջև կապ կարելի է տեսնել, կարելի է և չտեսնել. «Ենթադրությունների վրա մենք քաղաքականություն չենք կառուցում, երբ կլինի կարձագանքենք»:

Կարդացեք նաև

Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հայտնի է վաղուց և չի փոխվել:

Տեսանյութեր

Լրահոս