«Ժիրայր Սէֆիլյանին հետապնդում և սպառնում են»
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի անդամ Անդրիաս Ղուկասյանը տեղեկություն ունի, որ Ժիրայր Սէֆիլյանին հետապնդում և զգուշացնում են, որ ազատազրկումն անխուսափելի է, եթե սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի գործընթացը շարունակվի այն տեմպերով, ինչպես շարունակվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ժ. Սէֆիլյանին՝ Քննչական կոմիտե կանչելու մասին՝ նա կարծիք հայտնեց, որ դա նաև գնահատական է, որ իրենք ճիշտ ենք գործում, լավ ենք աշխատում:
«Ֆորմալ դրդապատճառ, որ ոստիկանական իշխանությունները ներկայացնում են, դա խափանման միջոցի պայմանների խախտումն է, քանի որ Սէֆիլյանը գնացել է հավաքների Գյումրի և Վանաձոր: Նրանք համարում են, որ դրանով խախտվել են խափանման միջոցի պայմանները, և եթե շարունակի դա անել, կարող են վերանայել խափանման միջոցը, ըստ էության, սպառնալիք է, բոլորիս էլ պարզ է, որ Սէֆիլյանը չի խուսափում քննությունից, և 2-3 ժամով քաղաքից բացակայելը հավաք գնալու համար, ըստ էության, նրա գործողություններում արդարադատությունից փախնելու վարքագիծ չէ, ուստի հասկանալի է, որ սա ուղղակի սպառանալիք է»,-կարծում է Ա. Ղուկասյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խ. Հարությունյանը դա ուղղակի կանխարգելիչ միջոցառում է համարում. «Ես նույնիսկ ենթադրում եմ, որ այդ փաստացի իրավական առիթը չի եղել պատճառը, նույնիսկ կհամաձայնեմ այդ մեկնաբանության հետ, բայց ոստիկանությունն ընդամենը փորձում է կանխարգելիչ քայլեր կատարել»: