
Էրդողանը մեղադրել է ԵՄ-ին փախստականների ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է եվրոպացիներին այն բանում, որ նրանք փակում են իրենց դռները փախստականների առաջ:
«Թուրքիայից հարուստ երկրները փակել են իրենց դռները փախստականների առաջ: Նրանք ասել են. «Թողեք նրանց՝ խեղդվեն Էգեյան կամ Միջերկրական ծովերում»: Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ 2,2 միլիոն փախստականը (Թուրքիայում գտնվող փախստականների թիվը) շարժվի Եվրոպայի կողմը»,- հայտարարել է Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցը լինելու է G20-ի երկրների ղեկավարների օրակարգում, որը տեղի է ունենալու Անթալիայում նոյեմբերի 15-16-ը:
Նա անդրադարձել է նաև Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցին, որը, ինչպես կարծում են Անկարայում, կարող է օգնել լուծել միգրացիոն ճգնաժամը:
«Հիմա նրանք (Թուրքիայի դաշնակիցները) ասում են «ոչ», բայց վաղը բոլորն էլ կհամաձայնեն: Հակառակ դեպքում մենք ունենք պլան Բ կամ այլ պլան, որը կիրականացնենք, եթե անհրաժեշտ լինի»,- հավելել է Էրդողանը:
Ծրագրվում է, որ նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին Եվրամիությունը Թուրքիայի հետ կհամաձայնեցնի գործողությունների ընդհանուր պլան, որն առաջարկում է ԵՄ-ն՝ ֆինանսական օգնություն 3 մլրդ եվրոյի չափով, այցագրային գործընթացի արագացում ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների ակտիվացում: