«Գիտակցված «ոչ»-ը նույնչափ դրական է լինելու, որքան գիտակցված «այո»-ն». Խոսրով Հարությունյան
«Այդ ամենը, ինչ ասացիք, եթե կա, հիմարություն է, դրանից ավելի լավ նպաստել «ոչ» արտահայտվողներին, չի կարելի»,-այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս են իրենք պայքարում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի՝ արդեն արձանագրված խախտումների դեմ Գյումրիի և այլ մարզերի դպրոցներում:
Խ. Հարությունյանը խորապես համոզված է, որ հանրաքվեն իշխանության-ընդդիմության պայքար չի կարող ներկայացվել. «Գիտակցված «ոչ»-ը նույնչափ դրական է լինելու, որքան գիտակցված «այո»-ն»:
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի անդամ Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց, որ նման խախտումների դեմ պայքարի միակ հասանելի մեխանիզմը մնացել է լուսաբանելը նման դեպքերը, ուրիշ արդյունավետ մեխանիզմներ չկան, քանի որ ըստ նրա՝ Հայաստանում չկա արդարադատության համակարգ:
Խ. Հարությունյանը համաձայնեց, որ այսօր Հայաստանի արդարադատության նկատամամբ կա լուրջ կասկած հանրության կողմից: «Եթե մեկ համակարգ մեկ անձի կողմից է ձևավորվում, որն այսօրվա գործող Սահմանադրությունն է ենթադրում, դուք էլ լինեիք, օբյեկտիվ լինելը շատ դժվար կլիներ ձեզ համար: Նման ձևով ձևավորված դատական համակարգը, դժվար է ենթադրել, որ օրենքի տառով է առաջնորդվելու»,- նշեց Խ. Հարությունյանը, ըստ որի՝ սահմանադրական բարեփոխումներով նաև կլուծվի այս խնդիրը: