Ինչպես է Աշոտ Սուքիասյանը խաբել Փայլակ Հայրապետանին բանկի միջոցով. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Օֆշորի» գործը նոր երանգներ է ստանում։ Երեկ Էրեբունի եւ Լուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը՝ ապացույցների հետազոտման փուլի ընթացքում օֆշորի գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանը դատարանին ներկայացրեց մի փաստաթուղթ, որն իրեն էր տրվել բանկի կողմից՝ որպես հավաստիք, որ գումարները, որոնք Փայլակ Հայրապետյանը հատկացրել է Աշոտ Սուքիասյանին, ծախսվել են բիզնես ծրագրի համապատասխան։ Դատարանի դահլիճում Փայլակ Հայրապետյանը հայտարարեց. «Խաբեությունը հենց բիզնես ծրագրի մեջ է։ Նրանք խաբել են ինձ, հետո էլ բանկն ինձ գրություն է տվել, թե իբր գումարները ծախսվել են բիզնես ծրագրի համաձայն, բայց ոչ մի կոպեկ բիզնես ծրագրի համաձայն չի ծախսվել»։ Պարոն Հայրապետյանը հավաստիացնում է, որ բանկի հետ միասին են Աշոտ Սուքիասյանը եւ մյուսներն իրեն խաբել։
Նիստից հետո Aravot.am-ը պարոն Հայրապետյանից հետաքրքրվեց՝ կասկածներ չունի՞, որ Աշոտ Սուքիասյանը «վերեւներում» պաշտպաններ ունի, քանի որ նրա պաշտպանը դատարանի դահլիճում անընդհատ առարկում էր պարոն Հայրապետյանի ներկայացուցչի այն պնդումներին, թե սա փողերի լվացման խարդախության գործ է։ Պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Փողերի լվացում, որ տեղի է ունեցել, դա անժխտելի է։ Փողերի լվացումը շատ վտանգավոր գործողություն է. կարող էր այդ ֆռռացրած փողերով զենք առնել, կարող էր պետության դեմ գործունեություն ծավալել։ Բայց չեմ կարծում, թե պետական ոլորտում կան մարդիկ, որ կաջակցեն Աշոտին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: