
ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում՝ «Ջիհադի Ջոնին» սպանելու նպատակով

ԱՄՆ ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում, որոնց գլխավոր նպատակը եղել է ԴԱԻՇ-ի զինյալներից մեկը՝ «Ջիհադի Ջոնը»: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Պենտագոնին:
Ծագումով Քուվեյթից բրիտանաբնակ Մուհամմեդ Էմվազին ավելի վաղ հայտնվել էր մի քանի տեսագրության մեջ, որտեղ գլխատում էր օտարերկրացի պատանդներին:
Ավիահարվածն իրականացվել է սիրիական Ռաքքա քաղաքի շրջանում: Ներկայում Պենտագոնը փորձում է պարզել, թե արդյոք Էմվազին սպանվել է այս գիշեր իրականացրած հարվածների հետևանքով:
Ենթադրաբար, Էմվազին Բրիտանիայից Սիրիա է ուղևորվել 2013 թվականին ու միացել ԴԱԻՇ-ի շարքերին:
Անցած տարի նա հայտնվել էր մի տեսագրության մեջ, որտեղ ցուցադրված է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլի սպանությունը: Ավելի ուշ տղամարդը հայտնվել էր մի շարք այլ տեսագրություններում, որտեղ ցուցադրվում էին պատանդների սպանությունները:
Տեսագրություններում վերջինս հանդես է գալիս սև զգեստով: