Ծանր սոցիալական պայմանների պատճառով կինը 8-ամյա որդուն ներգրավել է մուրացկանության մեջ. պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 31-ամյա կինը մեղավոր է ճանաչվել երեխային մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու մեջ և դատապարտվել 1տարվա ազատազրկման: Դատարանի վճռով՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

31-ամյա կինն ազգությամբ ռուս է, ՀՀ քաղաքացի, խնամքին 3 անչափահաս երեխա ունի, ըստ դատական ակտի՝ չի աշխատում, դատված չէ, նախաքննության ընթացքում խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի 2-րդ մասով՝ երեխային մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը:

Նախաքննական մարմինը կնոջը մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ չունենալով աշխատանք և գտնվելով ծանր սոցիալական պայմաններում, եկամուտ ստանալու և սոցիալական կարիքները հոգալու նպատակով, 2015թ. հունիս-օգոստոս ամիսներին՝ պարբերաբար, իր 8-ամյա անչափահաս որդուն հորդորել է մարդաշատ վայրերում անցորդներից գումար մուրալ: Այդ ընթացքում մեղադրյալը կանգնել է որդուց որոշակի հեռավորության վրա և վերջինիս կողմից գումար մուրալուց հետո հետապնդել նրան ու վերցրել գումարները՝ իր հիշյալ գործողություններով որդուն պարբերաբար ներգրավել մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն:

Ըստ դատավճռի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, եկել է այն եզրահանգման, որ ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել այն, որ նա կատարածի համար զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ, խնամքին են երեք անչափահաս երեխաները, այրի է, հանցանքը կատարել է սոցիալական ծանր պայմաններից դրդված: Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի արձանագրել:

Դատարանը հանգել է հետևության, որ վերջինիս ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով: Սակայն հաշվի առնելով գործի հանգամանքները, դատարանը հանգել է այն եզրահանգման, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը: Նման որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առնել այն հանգամանքը, որ ամբաստանյալը խնամքին ունի մանկահասակ երեխաներ, հետևաբար ամբաստանյալի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը ռեալ կրելու դեպքում վերջինիս երեխաները կհայտնվեն ծանր պայմանների մեջ, կմնան առանց մոր խնամքի, որը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս