Սննդարար բուժարար լոբին. Դեղատոմսեր
Կան լոբու բազմաթիվ տեսակներ, առավել ուսումնասիրված են լոբի սովորականի` Phaseolus vulgaris, քիմիական բաղադրությունը եւ բուժիչ հատկությունները։ Կանաչ լոբին պարունակում է բետաին, որը նպաստում է քոլինի գոյացմանը օրգանիզմում։ Քոլինը մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթի մեջ, այն նպաստում է մանկիկի մտավոր զարգացմանը։ Կան հրապարակումներ, որտեղ խորհուրդ է տրվում լոբին կիրառել հղիության եւ կերակրելու ընթացքում։ Մանրամասները պետք է ճշտել բժշկի հետ։ Ա. Ամասիացին գրում է. «Լոբին պայծառացնում է դեմքի գույնը։ Եթե կինը լոբու ալյուրից շփոթ եփի եւ ուտի, կավելանա կաթը»։ Կան օրգանիզմում չսինթեզվող եւ այլ ամինաթթուներ` մետիոնին, տրիպտոֆան, լեյցին, լիզին, նաեւ տիրոզին, արգինին, ասպարագին։ Սննդային արժեքով սպիտակուցները մոտ են մսին եւ հեշտությամբ յուրացվում են մարդու օրգանիզմում։ Կանաչ լոբու կալորիականությունը 100 գրամի մեջ 31 կկալ է։ Կարեւոր է իմանալ, որ կանաչ լոբին չի կարելի ուտել հում վիճակում։ Հարուստ է վիտամիններով` բետա-կարոտին-400 մկգ (100 գ հումքի մեջ), E-100 մկգ, ֆոլիացին-36 մկգ, նիկոտինաթթու-500 մկգ, պանտոտենաթթու-200 մկգ, ասկորբինաթթու-20 մգ, B1-100 մկգ, B2-200 մկգ, B6-160 մկգ։ Հասունացած սերմերը պարունակում են մոտ 25 տոկոս սպիտակուցներ եւ 20 տոկոս բույսին բնորոշ լուծվող բյուրեղային սպիտակուց (Phaseolin), 50 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ճարպ, այդ թվում` օրգանիզմին պիտանի խոլեստերին, բջջանյութ, լեցիտին, վիտամիններ, օրգանական թթուներ։ Հարուստ է կալիումով` 530-1000 մգ, ֆոսֆորով` 540 մգ, պարունակում է նաեւ կալցիում-150 մգ, մագնիում-103 մգ։ Սննդամթերքի կարեւորագույն չափանիշներից է նատրիումի եւ կալիումի փոխհարաբերակցությունը։ Համարվում է, որ բարենպաստ է Na։k=1։20, կանաչ լոբու մեջ հավասար է 1։28, հատիկի մեջ` 1։15։
Բույսի տարբեր մասերը պարունակում են յոդ, քրոմ, ծծումբ, կոբալտ, ցինկ, նիկել, կրեմնիում, պղինձ, երկաթ։
Բուժիչ նպատակներով մթերում են ծաղիկները եւ արդեն հասունացած պտղի պատիճը։ Ծաղկաբաժակի թերթիկները ձուլված են խողովակի ձեւով, դա է պատճառը, որ մեղուն դժվարանում է հասնել ծաղկահյութին։ Այնուամենայնիվ երկար կնճիթիկ ունեցող հայկական դեղին մեղուն կարողանում է ծակել ծաղկաթերթերը։ Ծաղիկը չորացնում են բաց ծածկի տակ։ Ունի տարրալուծող, արյունը մաքրող հատկություն։ Պատիճը չորացնում են արեւի տակ, պարունակում է հակադիաբետիկ նյութ (արգինին)։
Թուրմը եւ եփուկը կիրառում են աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ռեւմատիզմի, երիկամների եւ միզապարկի բորբոքումների, սրտային կամ երիկամային բնույթի այտուցների, շաքարային դիաբետի թեթեւ ընթացքի, պանկրեատիտի դեպքում։
Զգուշացում։ Լոբին պետք է սահմանափակել հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերի դեպքում։ Հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։ Որպես դիետիկ սննդահումք` կարող են դիտվել միայն նախապես 8-10 ժամ ջրում թրջված հատիկները։ Կարելի է նաեւ եփել, մեկ ժամ թրմել, քամել։ Ջուրը պիտանի չէ խմելու կամ այլ ուտեստ պատրաստելու համար։
Սնունդը` դեղ
Խաշած հատիկների խյուսն օգտակար է աթերոսկլերոզի, առիթմիայի դեպքում, կանխարգելում է ատամնաքարերի առաջացումը։
Շաքարային դիաբետ. Նախօրոք 2 ժամ թրջեք 100 գ սպիտակ լոբին ջերմապահում` գոլ ջրով։ Փոխեք ջուրը, եփեք մինչեւ եռալը, ջուրը թափեք։ Ավելացրեք թարմ եռջուր, մանր կտրատած մեկական գազար, սոխ, եւ կրկին եփեք` մինչեւ բաղադրամասերը փափկեն։ Քամեք, համեմեք 10 գ ձիթապտղի յուղի եւ 1 թ/գ խնձորի քացախի խառնուրդով։ Կերեք ձիթապտղի, սոխի, մաղադանոսի հետ։
Աղցանը կարելի է պատրաստել եւ այլ տեսակների լոբու հատիկներից։ Օգտակար է նաեւ կանաչ լոբին։
Երիկամային քարեր. Օքսալատային քարերի դեպքում- Խաշեք 500 գ կանաչ լոբի, քամեք։ Համեմեք աղով եւ պղպեղով։ Թավայի հատակին քսեք կարագ (2 ճ/գ), ցանեք պաքսիմատի բարակ շերտ։ Լոբին բաժանեք 3 մասի, դրեք հատակին, վրայից` 2 միջին գազարի քերվածք։ Օղակաձեւ կտրեք 2 սոխ եւ շարեք լոբու 2-րդ շերտի վրա։ Լոբու երրորդ շերտը ծածկեք հարած մեկ ձվի դեղնուցի եւ 1 ճ/գ թթվասերի խառնուրդով։ Եփեք ջեռոցում։
Ֆոսֆատային քարերի դեպքում
– Թերխաշեք 50 գ լոբու հատիկ, ավելացրեք 50 գ մանրացրած ընկույզ, 30 գ սոխեռած, պղպեղ, եփեք։ Ապուրը համեմեք կանաչեղենով։ Աղը մատուցեք առանձին։
– Խաշեք 200 գ լոբու հատիկը 2 լ ջրում` մինչեւ փափկի։ Ավելացրեք կտրատած գազար եւ սոխ (միջին), եփեք 10-15 րոպե թույլ կրակի վրա։ Համեմեք մաղադանոսով, կերեք թթվասերի հետ, աղը` ըստ ճաշակի։
Աթերոսկլերոզ. Եփեք, տրորեք 300 գ կարմիր լոբու հատիկ, բաժանեք երկու հավասար մասերի։ Խաշեք 250 գ երեքնուկ կարմիրի գագաթնային տերեւները եւ ծաղիկները թույլ աղաջրի մեջ, քամեք, կտրատեք, խառնեք 50 գ սպիտակ պանիրի քերվածքի հետ։ Թավայի հատակին քսեք արեւածաղկի յուղ։ Շերտերով տեղադրեք լոբու խյուսը, երեքնուկի խառնուրդը` պանրի հետ, եւ լոբու երկրորդ կեսը։ Վրայից քսեք 1 ձվի, 50 մլ կաթի եւ եփած մարգարինի խառնուրդ։ Եփեք ջեռոցի մեջ։ Համեմեք սեւ պղպեղով, աղով, այլ։
Դեղատոմսեր
Պանկրեատիտ. Երեք րոպե եփեք 6-7 չոր մանրացրած պատիճը 500 մլ եռջրի մեջ։ Թրմեք 3 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 3 օր եւ կրկնեք եւս 1 անգամ։ Թուրմի դրական ազդեցությունը կուժեղանա, եթե ավելացնեք 1 թ/գ հապալասի (Vaccinium myrtillus) տերեւ։
Երիկամային քարեր. 1ճ/գ լոբու չորացրած ծաղիկին ավելացրեք 300 մլ եռջուր, 5 րոպե պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք կես ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Օստեոպորոզ, հոդատապ. Խառնեք հավասար քանակությամբ սպիտակ կեչու կեղեւը, լոբու պատիճը, հազարատերեւուկի, ցախի սովորականի խոտերը, փրփրուկի ծաղիկները։
Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 700 մլ ջուր։ Եփեք դանդաղ կրակի վրա, մինչեւ մնա 400 մլ։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 200-ական մլ` առավոտյան եւ երեկոյան։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 3 օր։
Այտուց. Փոշիացրեք պատիճը խմեք 1-ական ճ/գ`0 օրը 3 անգամ։
Դիմակ. Զգայուն, նուրբ մաշկ- Խաշեք 100 գ լոբու հատիկ, տրորեք քամիչի վրա, խառնեք 20-30 մլ կիտրոնի հյութ, կես ճ/գ ձիթապտղի յուղ։ Պահեք դեմքին (պարանոցին), 20 րոպե անց լվացեք գոլ ջրով։
«168 ԺԱՄ»
2012թ.