ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում Լեհաստանի քաղաքացու ճամպրուկից 13 կիլոգրամ կոկաին է առգրավել
ՀՀ Ազգային Անվտանգության մարմինները շարունակում են հետևողականորեն պայքար մղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, Հայաստանի տարածքը թմրամիջոցների տարանցիկ փոխադրման ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր խմբավորումների փորձերի դեմ:
2015թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը ՍանՊաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած Լեհաստանի քաղաքացի, 1980թ. ծնվ. Ռաֆալ Զելբերտին, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով ՀՀ տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրանյութ: Վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի փոշենման զանգվածով 13 պոլիէթիլենային փաթեթ: Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն ԱՄՆ դոլարը:
Դեպքի առթիվ ԱԱԾ Քննչական Վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի /մաքսանենգություն/ և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի /թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրացման նպատակով/ հատկանիշներով:
Ռաֆալ Զելբերտը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
12.11.15թ.