Վրաստանի արդարադատության նախարարությունը փաստաթուղթ է պատրաստում Միխայիլ Սաակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու համար
Վրաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է դեկտեմբերին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հաստատմանը հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին եզրակացությունը, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Ցուլուկիանին հայտարարել էր, որ գերատեսչությունը ձեռնամուխ է եղել Սաակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու գործընթացին, քանի որ ուկրաինական կողմից ստացել էր պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ վերջինս ստացել է ուկրաինական անձնագիր:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Սաակաշվիլիին շնորհել էր Ուկրաինայի քաղաքացիություն: Օրենքի համաձայն՝ Վրաստանի քաղաքացին այլ երկրի քաղաքացիություն ստանալիս ավտոմատ կերպով զրկվում է վրացականից, սակայն դրա համար հարկավոր են իրավական ու տեխնիկական պրոցեդուրաներ: Մասնավորապես, Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ ծառայությունները պետք է նախապատրաստեն եզրակացություն ու խնդրանքով դիմեն երկրի նախագահին՝ դադարեցնելու վերջինիս քաղաքացիությունը, իսկ նախագահը, իր հերթին, պետք է այն հաստատի:
Ցուլուկիանիի խոսքով՝ մի քանի օր առաջ Սաակաշվիլիին Օդեսայում գրավոր կերպով տեղեկացրել են, որ զրկվելու է Վրաստանի քաղաքացիությունից:
Սաակաշվիլին հեռացել է Վրաստանից 2013թ. նոյեմբերին երկրի նոր նախագահի՝ Գեորգի Մարգվելաշվիլիի ընտրությունից հետո: Վրաստանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրանքներ է առաջադրել մի քանի քրեական գործի շրջանակում: Ավելի ուշ նրա նկատմամբ հայտարարվել է ներպետական հետախուզում: