«Նաիրիտի» ղեկավարությունը փաստաթուղթը չի ուղարկում նախարարություն
Այսօր նաիրիտցիների մի խումբ կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էր բողոքի ակցիայի: Նրանց պահանջն անփոփոխ է՝ գործարանի վերագործարկում: Այնուհետև նաիրիտցիներն ընդունելություն են պահանջել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից, սակայն վերջինս նրանց ուղարկել է իր տեղակալ Լևոն Շահվերդյանի մոտ, ով ժամանակին եղել է «Նաիրիտի» տնօրենը: Վերջինս նաիրիտցիներին տեղեկացրել է Զախարյանի որոշման մասին՝ այսուհետ «Նաիրիտի» խնդիրներով զբաղվում է Շահվերդյանը:
Նաիրիտցիները հետաքրքրվել են, թե վերջապես ի՞նչ եղավ գործարանի վերագործարկման ծրագիրը: Փոխնախարարը մատնացույց է արել «Նաիրիտի» ղեկավարությանը, թե իբր գործարանից փաստթուղթը դեռ չեն ստացել:
Մեզ հետ զրույցում նաիրիտցիները տեղեկացրին, որ գործարանի տնօրինությունը ոչ մեկին չի ընդունում ու ոչ մի բացատրություն չի տալիս, թե ինչո՞ւ ամիսներ շարունակ ձգձգում են նոր ծրագրի ներկայացման հարցը: Սա առնվազն տարօրինակ է, քանի որ հենց «Նաիրիտի» տնօրինությունը պետք է առաջին հերթին շահագրգիռ լիներ վերագործարկման խնդրով: Մինչդեռ նրանք գերադասում են անգործ նստել ու վայելել կառավարության կողմից վճարվող աշխատավարձը:
168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտի» վերագործարկման ծրագիրը վաղուց պատրաստ է, անգամ անցած շաբաթ էլ իրավասու բոլոր մասնագետները ստորագրել են փաթեթը, սակայն նախարարությունն ինքն է «ստոպ» տվել ու կարգադրել այն չուղարկել իրենց: Այդպես ավելի հեշտ է ասել՝ ի՞նչ կարող ենք անել, չէ՞ որ ծրագիր չկա: Այլապես գործարանի ղեկավարությունը ինչպես կարող էր ծրագիրը, որ պետք է դեռ սեպտեմբերին ներկայացներ, մինչև հիմա պահել:
Նոյեմբերի 18-ին շարունակվելու է գործարանի դեմ ՀԷՑ-ի դատական հայցի քննությունը: ՀԷՑ-ը, հիշեցնենք, պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտը»` 5 տարի առաջ կուտակված 1 մլրդ 200 մլն դրամ պարտքի համար։