«Մենք ձեզ օգնում ենք հայրենիքի դավաճան չլինել». Հայրիկյանը պատրաստ է կտրուկ քայլերի

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին նամակ հանձնեց, որում ասվում է, որ «սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հակասահմանադրական գործընթաց է, հետևաբար՝ նրանում որևէ դերակատարություն ստանձնած անձինք մասնակից են հակասահմանադրական, հակապետական գործընթացի»:

Լրագրողների հետ զրույցում ԱԻՄ առաջնորդն ասաց, որ ինքը մեծ հույսեր չունի, թե հանձնաժողովի անդամները կարող են երկրի համար զոհաբերություն անել.

«Բայց գուցե այս տողերը նրանց զգաստացնեն, քանի որ այն հայրենիքում, որը ստեղծվելու է, այնտեղ ապրելու են նաև նրանց զավակները»: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 18-ին հանրությանը հրավիրում են հավաքվել ԿԸՀ-ի դիմաց՝ կոչ անելու, որպեսզի հետ կանգնեն այդ «չարիքից». «Այդ ինչո՞ւ Աշոտ Նավասարդյանը 10 տարի բանտում անցկացրեց, բայց դուք կվախենաք ինչ-որ նկատողություն ստանալուց: Ամսի 18-ին ավելի լուրջ եմ բացատրելու, որ դուք մարդիկ եք, երկու ոտքերի վրա քայլող մարդիկ եք, հետո՞ ինչ, որ ինչ-որ մեկը ձեզ հրամայել է դեմ գնալ ձեր խղճին: Դրանից հետո այլ քայլերի ենք գնալու: Այսօր հորդորում ենք, բայց կտրուկ քայլերի պարատավոր ենք բոլորս դիմել: Ես պատրաստ եմ, օրինակ, գնալ բանտ, ևս մի քիչ նստել: Ինչ վերաբերում է կտրուկ քայլերին, քաղաքական շրջանակներում հնարավոր բոլոր քայլերին ես պատրաստ եմ, ընդհուպ՝ չթողնել, որ նրանք աշխատեն: Ձեզ հետ գնանք, նստենք իրենց աշխատասենյակում, ասենք՝ չեք աշխատելու, մենք ձեզ օգնում ենք՝ հայրենիքի դավաճան չլինել»:

Տեսանյութեր

Լրահոս