Ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը ստորագրությամբ ազատ է արձակվել բանտից
Այսօր Ադրբեջանում դատարանը վճռել է ազատ արձակել Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին, հայտնում է contact.az-ը:
Արիֆ Յունուսի պատժի կրումը փոխարինվել է երկրից դուրս չգալու ստորագրությամբ: Դատավորի որոշումը հիմնավորված է եղել Ադրբեջանի արդարադատության նախարարության առողջապահության գլխավոր վարչության նամակով, որտեղ նշված է եղել Արիֆ Յունուսի առողջական վատթարացող վիճակը:
Դրա հետ միասին, Ադրբեջանի արդարադատության նախարարությունը վկայակոչել է Յունուսի գերմանացի բժիշկ Վիտտին, ով երկար ժամանակ հետևում է Յունուս ամուսինների առողջական վիճակին:
Անձամբ Արիֆ Յունուսը դատարանում հայտարարել է, որ նոյեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել ու հրաժարվում է ընդունել դեղահաբեր: Իր բողոքը նա հիմնավորել է իր հիվանդ կնոջը անհրաժեշտ բժշկական օգնության չցուցաբերմամբ:
Դատախազը դեմ էր հանդես գալիս միջնորդությանը, սակայն դատարանը քննարկումներից հետո բավարարել է փոխել պատժի կրումը:
Դրանից հետո դատարանի դահլիճից ներկաներին դուրս են բերել, սակայն Արիֆ Յունուսը հրաժարվել է հեռանալ դատարանի սրահից՝ հայտարարելով, թե դուրս կգա այդտեղից միայն Լեյլա Յունուսի հետ:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ: Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես են եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ: