Արմեն Աշոտյանը՝ դպրոցներում ծնողական ժողովներ հրավիրելու և «այո»-ի քարոզարշավ իրակացնելու ՀԱԿ բողոքների մասին
«Ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ լսում: Չեմ հետևում ՀԱԿ-ի տարածքային կառույցների գործունեությանը, բայց շնորհակալ կլինեմ, եթե նման ահազանգերը փաստարկված լինեն տեսա կամ ձայնագրություններով: Այդ ժամանակ մենք կունենանք լուրջ հիմքեր խնդրով զբաղվելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, որ ՀԱԿ գրասենյակներն ահազանգում են, որ դպրոցներում ծնողական ժողովներ են անում, սակայն պարզվում է՝ դրանք «այո»-ի քարոզարշավ են:
Շարունակելով՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Մնացած ամեն ինչը քարոզարշավի շրջանակներում, ինչը չի հաստատվում տեսա կամ ձայնագրություններով, այսպես ասած՝ ավելի շատ քաղաքական արշավի տպավորություն կարող է թողնել: Չեմ ասում՝ դա այդ դեպքն է, ուստի կխնդրեմ այդ և մնացյալ այլ դեպքերում, եթե կան կասկածներ, որ կրթական և ընտրական օրենսդրությունները չեն պահպանվում ուսումնական հաստատություններում, մեզ տեղեկացնել՝ ամրացնելով, կցելով այդ բողոքներին համապատասխան նյութեր»: