Նորի՞ց «հանձնում են Ղարաբաղը». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Որքան գոյություն ունի Հայաստանի երրորդ հանրապետությունը, այնքան շարունակվում են խոսակցություններն այն մասին, որ «Ղարաբաղը հանձնում են»: Ընդ որում, նրանք, ովքեր վերջին 25 տարում հայտնում են այդ «լուրը», դրա մասին խոսում են այնպիսի վստահությամբ, կարծես թե տեսել են փաստաթուղթը, որի տակ հայաստանյան եւ ղարաբաղյան կողմը մոտ օրերս պատրաստվում է դնել իր «դավաճան» ստորագրությունը: «Վերջ, ամեն ինչ որոշված է, հանձնած-պրծած է»,- ասում են նրանք: Ամենաշատն այս առումով բամբասում էին ՀՀ առաջին նախագահի մասին, եւ այդ անհեթեթ բամբասանքը հիմք դարձավ պալատական հեղաշրջման համար: Բայց «հանձնելու» մասին խոսակցությունները դրանից հետո էլ չեն դադարել: Նման պնդումների համար կարող է հիմք հանդիսանալ ցանկացած իրադարձություն:
Օրինակ՝ Ռուսաստանի արտգործնախարարի այցը Հայաստան: Իսկապես, էլ ինչի՞ համար կարող էր Լավրովը գալ Հայաստան, եթե ոչ՝ «Ղարաբաղը ծախելու» մասին փաստաթուղթը համաձայնեցնելու: Կամ՝ սահմանադրական փոփոխությունները: Պարզվում է՝ Սահմանադրությունը փոխում են՝ Ղարաբաղը հանձնելու համար: Ճիշտ է, նույնքան անհեթեթ է հակառակ կողմի փաստարկը՝ Սահմանադրությունը փոխում ենք, որպեսզի Արցախը երբեք չհանձնենք: Ղարաբաղի հարցը, իմ կարծիքով, իր էությամբ կապ չունի ոչ ՀՀ Սահմանադրության, ոչ նրա փոխել-չփոխելու, ոչ էլ ընդհանրապես ներքին քաղաքական պայքարի հետ: Ուրիշ հարց, որ 25 տարի հարցը տարբեր ճամբարներ փորձում են օգտագործել, իշխանությունն ասում է՝ քանի որ կա Ղարաբաղի հարցը, մեր մասին ոչ մի վատ բան չասեք, ընդդիմությունն էլ ասում է՝ քանի որ իշխանությունն ուզում է Ղարաբաղը հանձնել, նա պետք է հեռանա: Կարծում եմ՝ ժամանակն է նման, մեղմ ասած, պարզունակ մակարդակով այս թեման չշոշափել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: