Բաժիններ՝

Հարկային նոր արտոնություններ՝ սահմանամերձ համայնքներին

Սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտները կազատվեն նաև հումքի ներկրումների ժամանակ հարկումից: Նման օրինագիծ այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:

Ըստ նրա՝ ներկայումս սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեության իրականացման դեպքում առաջանալու են լոգիստիկայի հետ կապված խնդիրներ և, քանի որ սահմանամերձ գյուղական համայնքներում ենթակառուցվածքները պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում և չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչը բարդացնում է լոգիստիկան, մասնավորապես հումքի մատակարարման, արտադրանքի իրացման և արտահանման նպատակով բեռնափոխադրումները:

Նա նշեց, որ սահմանվող արտոնություններից կարող են օգտվել միայն սահմանամերձ գյուղական համայնքները, սակայն սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեության որոշակի մասի իրականացման  անհնարինության պարագայում այդ գործունեությունն իրականացվում է սահմանամերձ քաղաքային համայնքներում, և տվյալ պարագայում սահմանամերձ քաղաքային և գյուղական համայնքում իրականացվող գործունեությունը դառնում է մեկ ընդհանուր արտադրական գործընթաց, ուստի տարանջատել, թե արտադրական գործընթացի ո՞ր մասն է իրականացվում գյուղական համայնքում և այդ հատվածի համար սահմանել արտոնություններ՝ նպատակահարմար չեն համարում:

Է.Տարասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլոր հարկատեսակներից ենթադրում էր արտոնությունների տրամադրում, այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտը հարկ չէր վճարելու՝ ո՛չ ԱԱՀ, ո՛չ էլ շրջանառության և եկամտահարկ. «Առաջարկություն կար բիզնեսի կողմից, որպեսզի իրենց թույլ տան ընտրություն կատարեն ԱԱՀ-ի մասով, և հնարավորություն տան հայտարարագիր ներկայացնեն հարկային պետական տեսչություն, և հրաժարվեն ԱԱՀ-ից: Օրենքի նախագիծը հիմնականում այն արտադրական ընկերությունների համար է, որոնք ներկրում են հումքը, և սահմանին վճարում են ԱԱՀ, դեբեդագրում են սահմանին իրենց ԱԱՀ, և այն մտնում է ապրանքի գնի մեջ: Ավելի պարզ ասած՝ խոսքը վերաբերում է սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն ծավալով այն գործարարներին, ովքեր հումքը ներկրում են այլ երկրներից, օրենքի նախագծով նրանք այլևս չեն վճարի ավելացված արժեքի հարկ»:

Փոխնախարարը հայտարարեց, որ գլխավոր պայման է՝ արտադրական գործունեությունը պետք է ծավալվի բացառապես սահմանամերձ գյուղական համայնքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս